Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Վաշինգթոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահը Վաշինգթոնում հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Էլիոթ Բրանդտը նշել է, իբրև թե բոլոր կրոնների և մշակույթների ներկայացուցիչներն Ադրբեջանում ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ՝ որպես մեկ ընտանիք, և սա օրինակ է ծառայում ամբողջ աշխարհի համար։ Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ երկրի հրեական համայնքի նկատմամբ կառավարության կողմից ցուցաբերված ուշադրության և հոգատարության համար։
Ալիևն էլ իր հերթին շեշտել է, թե «տարբեր կրոնների ներկայացուցիչները դարեր շարունակ ապրել են ներդաշնակության մեջ Ադրբեջանում»` նշելով, որ հանդուրժողականությունը պատմականորեն Ադրբեջանի համար կյանքի ձև է եղել։
Հանդիպման ժամանակ բարձր է գնահատվել «Ադրբեջանի ներդրումը կրոնների և մշակույթների միջև համաշխարհային մակարդակով երկխոսության մեջ»։