Այսօր Հռոմում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի SBI-6-ի շրջանակում ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ մասնակցեցի «Ագրոսննդային համակարգերը գործողության մեջ հանուն բնության» խորագրով հատուկ բարձր մակարդակի միջոցառմանը և հանդես եկա բացման խոսքով, հայտնում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Ընդգծեցի, որ մենք կարևոր փուլում ենք․ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17-ը Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 2030 թիրախներին հասնելու ճանապարհի կեսն է, և այժմ մեր պարտավորությունները պետք է վերածենք չափելի արդյունքների՝ ի շահ բնության ու մարդկանց։
Նշեցի, որ սննդային անվտանգությունը, հողերի դեգրադացիան, կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը փոխկապակցված են․ կենսաբազմազանության պահպանումը ոչ թե հակադրվում, այլ հիմք է դառնում սննդային անվտանգության համար՝ ուժեղացնելով դիմակայունությունը և ապահովելով կայուն արտադրություն։
Կարևորեցի միջոլորտային համագործակցությունը և ներառական մոտեցումը՝ գյուղատնտեսների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդների լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաև կենսաբազմազանության ընդգրկումը ազգային ռազմավարություններում՝ կայուն հողօգտագործման, ագրոէկոլոգիայի, գենետիկական ռեսուրսների պահպանման և վնասակար սուբսիդիաների նվազեցման ուղղություններով։
Հայաստանը COP17-ին կմոտենա «Գործողություն հանուն բնության» սկզբունքով՝ գիտության վրա հիմնված մոնիթորինգով, քաղաքականության համադրմամբ և կայուն ներդրումներով, որպեսզի տրված խոստումները վերածվեն իրական բարեփոխումների»,-նշել է նա։