Սուրենյանցը ՄԱԿ-ին դիմեց՝ հայտարարելով չավարտված հակամարտության մասին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին է փոխանցել բողոք-նամակ՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հակամարտությունը շարունակում է պահպանվել։

Նա նշել է, որ անհրաժեշտ է մերժել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի քաղաքականացումը, բարձրաձայնել Բաքվում պահվող հայերի հարցը, արձանագրել ՀՀ տարածքների օկուպացիան և արձագանքել դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի պահանջներին։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, որոնցում հայ ռազմագերիները ներկայացվում են որպես առավել վտանգավոր հանցագործներ, նպատակ ունեն ձևավորելու մի պատկեր, ըստ որի Հայաստանը հանդես է գալիս պարտված կողմի դիրքերից։

Նա նշել է, որ գիտակցում է՝ իր դիմումը կարող է չստանալ ակնկալվող արձագանքը, սակայն մտադիր է հետևողականորեն շարունակել իր քայլերը։

Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բարձրացրել էին պաստառներ՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի նկատմամբ ճնշումները և մերժել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Բաքուն ակտիվորեն առաջ է մղում այդ թեզը՝ խոսելով ադրբեջանցիների «վերադարձի» մասին Հայաստանի տարածք։ Դեկտեմբերի 11-ին Գերմանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել համատեղ ճանապարհային քարտեզ մշակելու առաջարկով՝ զուգահեռաբար առաջարկելով փակել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» հարցերը։

Leave a comment