Հասարակություն
18.02.2026 | 19:21
Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայտ է ներկայացրել «Ամուլսարի գործով» փաստաբան Նազելի Վարդանյանի դեմ։ Պահանջում է հերքել «Panorama.am» զանգվածային կայքում և «ՊԱՆՈՐԱՄԱ ԷՅԷՄ» ՍՊԸ–ի կողմից կառավարվող յութուբյան հարթակում առկա տեսանյութում հնչեցրած մտքերը։ Ընկերությունը փաստաբանից նաև 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում։
Մասնավորապես՝ ընկերությունը պահանջում հերքել փաստաբանի կողմից հնչեցված (հրապարակված) փաստացի տվյալները, որոնք վերաբերում են «Ամուլսարում պաշար չլինելու, 1 տոննայի մեջ 0.7 գրամ ոսկին, ոչ մի բան լինելու, ոչ մի նորմալ երկրում չշահագործելու, 1 գրամից պակաս ոսկու դեպքում ընդհանրապես շահագործումը արդյունավետ չլինելու վերաբերյալ փաստացի տվյալներ հաղորդելու միջոցով Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության ոչ արդյունավետ և անօգուտ լինելուն, սխալ հաշվարկներ իրականացրած լինելուն և պետությանը որևէ բան փոխանցելու նպատակ չունենալուն․ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի սնանկ հանդիսանալու, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բոլոր ակտիվները, գույքը, դրամական միջոցները, ապագայում ստացվող ամբողջ եկամուտներն ու հումքը երկու ֆինանսական կորպորացիայի պատկանելու, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ այդ կորպորացիաներին պարտք լինելու և ամբողջ եկամուտները այդ ընկերություններին վերադարձնելու պարտավորություն ունենալու վերաբերյալ փաստացի տվյալներ տարածելու միջոցով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությունը և դրա նպատակները կասկածի տակ դնելուն, պայթեցումների արդյունքում գունավոր ամպեր առաջանալուն, մարդկանց կողմից դրանք շնչելուն, հիվանդություններ ձեռք բերելու արդյունքում մեծ վնաս հասցվելուն և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացվող գործողություններով անձանց լայն շրջանակների առողջությանը վնաս պատճառելուն, հայցվորի կողմից իրականացվող գործունեությունը առանց համապատասխան թույլտվության (փորձաքննության) իրականացնելուն, գործունեության ապօրինի լինելուն։
Արաքս Մամուլյան