ԱՄՆ-ն դեռ չի արձագանքել Եվրոպայում Patriot հրթիռներ արտադրելու Կիևի խնդրանքին. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել հակաօդային պաշտպանության համար զենիթային հրթիռների եվրոպական արտադրություն ստեղծելու օգտին:


«Ուկրաինան ԱՄՆ-ի հետ խոսել է Եվրոպայում հրթիռների արտադրություն ստեղծելու անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ Patriot-ի համար։ Սակայն ԱՄՆն դեռևս որոշում չի կայացրել, չնայած մենք առաջարկել ենք այն կազմակերպել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերների՝ Ռումինիայի, Լեհաստանի և մյուս գործընկեր պետությունների հետ»,- հայտարարել է Զելենսկին:


Ուկրաինայի նախագահը բազմիցս կոչ է արել Կիևի արևմտյան գործընկերներին արագացնել մատակարարումները, առաջին հերթին՝ Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռների, ռուսական հարձակումների պայմաններում: Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկին կրկնել էր իր խնդրանքը՝ կոչ անելով պաշտպանել ուկրաինական քաղաքներն էներգետիկ ոլորտի վրա ռուսական հարվածներից ձմռան ցրտերի ժամանակ:

Leave a comment