Կրակոցներ Աջափնյակում. կա մեկ սպանված և վիրավորներ, դեպքի վայրում է ՀՀ ոստիկանապետը

Հասարակություն

18.02.2026 | 17:23

Մոտ մեկ ժամ առաջ կրակոցներ են հնչել Աջափնյակ վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ.։

«Պարզվել է, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը»,- գրում է լրատվամիջոցը։

Factor TV-ն փորձեց մանրամասներ ճշտել Ներքին գործերի նախարարությունից։

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը Factor.am-ին հայտնեց, որ կրակոցներից հետո 7 հոգի իրենց հիվանդանոց է տեղափոխվել։

«7-ից մեկը մահացել է վիրասրահում, երեքն այս պահին վիրահատվում են, մյուս երեքը վերակենդանացման բաժանմունքում են»,- ասաց Աշոտ Կուրղինյանը։

Նրա խոսքով` տուժածները նախնական տեղեկություններով հրազենային վիրավորում են ստացել, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում։ 

 

Ռոզա Վարդանյան 

Leave a comment