Էրդողանը կոչ է արել Թուրքիային ընդգրկել Եվրոպայի անվտանգության մեխանիզմներում

Բաժանորդագրվել

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ունի զգալի ռազմական և ռազմավարական ներուժ, որն ի զորու է ուժեղացնել Եվրոպայի պաշտպանական հնարավորությունները:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Եվրոպան պետք է Թուրքիային ընդգրկի պաշտպանության և անվտանգության գործող մեխանիզմներում։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ տարիներ շարունակ Թուրքիան բոլոր հարթակներում խոսում է այն մասին, որ «կարող է շատ դրական բաներ բերել Եվրամիությանը»:

«Վաղուց ժամանակն է Թուրքիան ընդգրկել Եվրոպայի պաշտպանության և անվտանգության առկա մեխանիզմներում։ Աշխարհը փոխվում է, և արագ վերափոխումների այս դարաշրջանում ինչքա՞ն կարող է Եվրամիությունը մնալ նեղ օրակարգի գերին: Դա հնարավոր չէ հասկանալ: Ճիշտ կլինի վերացնել Թուրքիայի՝ Եվրոպային ինտեգրվելու ճանապարհին առկա գաղափարական խոչընդոտները և Եվրոպայի ներուժի հզորացումը», – Եթովպիայից վերադառնալիս օդանավում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի կարծիքով` նրանք, ովքեր բացառում են Թուրքիան և անտեսում համաշխարհային իրողությունները, պետք է վերջապես ընդունեն, որ իրենց դիրքորոշումը բոլորովին ռացիոնալ չէ։

Թուրքիայի նախագահը կարծում է, որ Եվրոպայում նոր պաշտպանական ճարտարապետություն ստեղծելու ջանքերը անբավարար կլինեն առանց իր երկրի մասնակցության:

«Այսօր թուրքական բանակը ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենաարդյունավետ բանակներից մեկն է։ Մենք լիովին վստահում ենք մեր բանակին, որի շնորհիվ մի երկիր ենք, որը ցուցադրում է իր կարողությունները ոչ միայն բանակցային սեղանի շուրջ, այլև ռազմի դաշտում։ Հուսով եմ՝ հիմա բոլորը հասկանում են, որ առանց Թուրքիայի Եվրոպան չի կարող անվտանգության հուսալի համակարգ ստեղծել», – հայտարարել է նա։

Ինչպես նշել է Էրդողանը, հաշվի առնելով փոփոխվող միջազգային իրավիճակը՝ Անկարան անհրաժեշտ է համարում եվրոպական անվտանգության ճարտարապետության նկատմամբ ներկայիս մոտեցումների վերանայումը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ունի զգալի ռազմական և ռազմավարական ներուժ, որը կարող է ուժեղացնել Եվրոպայի պաշտպանական հնարավորությունները:

Leave a comment