ՀՀ-ն և ՄԹ-ն շարունակում են խորացնել համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով Defence Cyber Marvel 2026 զորավարժությանը

Defence Cyber Marvel 2026 զորավարժությունը  միավորում է ավելի քան 2,500 մասնակից 29 երկրներից


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը շարունակում են խորացնել համագործակցությունը կիբեռպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով Defence Cyber Marvel 2026 զորավարժությանը, որը միավորում է ավելի քան 2,500 մասնակից 29 երկրներից։


Այդ մասին հայտնում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:


Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը և ՄԹ Պաշտպանության կցորդ Թոմաս Շորլենդ Բոլը այցելել են զորավարժությունը, որտեղ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները համատեղ աշխատել են՝ զարգացնելու կիբեռպաշտպանության կարողությունները և փոխանակելու մասնագիտական փորձը։


Դեսպանը հանդիպել է Հայաստանի և ՄԹ մասնակիցների հետ, հետևել զորավարժության ընթացքին և քննարկել կիբեռդիմակայունության կարևորությունը ներկայիս փոփոխվող անվտանգության միջավայրում։


Հայկական կողմից մասնակցում էին Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։


«Այսպիսի զորավարժությունները նպաստում են վստահելի գործընկերությունների ձևավորմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և մեր ընդհանուր հանձնառությանը՝ ամրապնդելու անվտանգությունն ու դիմակայունությունը։


Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունը», – նշված է հաղորդագրության մեջ։

Leave a comment