Վատիկանը մերժել է Խաղաղության խորհրդին միանալու Թրամփի հրավերը

Քաղաքականություն

18.02.2026 | 12:12

Վատիկանը հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդին՝ մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։ Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը, գրում է Ինտերֆաքսը։

«Վատիկանը չի մասնակցի Գազայի խաղաղության խորհրդին դրա հատուկ բնույթի պատճառով, որն ակնհայտորեն չի համապատասխանում այլ պետությունների բնույթին: Այնուամենայնիվ, մենք հաշվի ենք առնում, որ Իտալիան կմասնակցի որպես դիտորդ»,- Պարոլինի խոսքերը մեջբերել է Corriere della Sera-ն։

Պարոլինի խոսքով՝ Վատիկանը «հաշվի է առնում» Իտալիայի կառավարության միանալու որոշումը, բայց նաև տեսնում է «որոշ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն»։

«Խնդիրներից մեկն այն է, որ միջազգային մակարդակով հենց ՄԱԿ-ն է կառավարում ճգնաժամերը. սա այն կետերից մեկն է, որի հարցում մենք պնդում ենք»,- նշել է նա։

Խաղաղության խորհրդի ստեղծումը Թրամփի առաջարկած ծրագրի մասն է՝ Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար։ Դրա ստեղծման մասին հայտարարվել է 2026 թվականի հունվարին։

Աշխարհի շուրջ 60 առաջնորդներ հրավիրվել են միանալու Խորհրդին, որոնցից մի քանիսը հիմնադիր անդամներ են։ Թրամփը դարձել է Խաղաղության Խորհրդի առաջին նախագահը։

Խաղաղության խորհրդի հիմնադրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 22-ին Դավոսում, իսկ անդրանիկ նիստը նախանշված է փետրվարի 19-ին Վաշինգտոնում։ Դրան մասնակցելու համար ԱՄՆ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment