Ճապոնիան և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 5,2 մլն դոլար կհատկացնեն ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացման և տեղահանված անձանց աջակցելու համար

Ծրագիրը կնպաստի տեղական համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Ճապոնիայի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթղթի ստորագրման արարողությունը։


Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագրի բյուջեն կազմում է 5.2 մլն ԱՄՆ դոլար։


Նախաձեռնության հիմնական նպատակն է զարգացնել տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների գյուղատնտեսական կենսաապահովումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։


Ծրագիրն ուղղված է պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը, ինտենսիվ գյուղատնտեսության խթանմանը, ջերմատնային տնտեսությունների հիմնմանը, ինչպես նաև վերամշակման և շուկայավարման կարողությունների զարգացմանը։


Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի՝ նախաձեռնությունը համահունչ է ոլորտային ռազմավարական առաջնահերթություններին և տեխնոլոգիական առաջընթացի միջոցով կնպաստի տեղական համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը։

Leave a comment