«Դուք եք Հայաստանի ապագայի հենասյունը». Արթուր Վանեցյանը` երիտասարդներին

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Վանաձոր քաղաքում հանդիպել է  երիտասարդների հետ։ Հանդիպումը բաց և անկեղծ զրույց էր, որտեղ երիտասարդներն ազատորեն կիսվել են իրենց մտահոգություններով, գաղափարներով և ապագայի տեսլականով։

Երիտասարդների կողմից բարձրաձայնվել են մեր երկրի անվտանգության, կրթության որակի բարելավման, աշխատաշուկայի, համայնքային զարգացման և պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր։

Արթուր Վանեցյանը կարևորել է երիտասարդների ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ հենց նրանց ակտիվությունն ու նախաձեռնողականությունն են Հայաստանի ապագայի հենասյունը։

Նա ուշադրությամբ լսել է յուրաքանչյուր հարց ու առաջարկ՝ վստահեցնելով, որ երիտասարդների ներգրավվածությունը Հայաստանի հանրային և քաղաքական կյանքում առաջնային տեղ է զբաղեցնում։

Արթուր Վանեցյանը շեշտել է, որ կրթության չափորոշիչներն այսօր փոփոխման կարիք ունեն և պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին՝ հիմքում պահելով ազգային արժեքները։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերանայել գործող կրթական չափորոշիչները, որպեսզի համակարգը կարողանա ավելի արդյունավետ ձևավորել գիտելիք, կարողություններ և արժեհամակարգ։

Հանդիպումն անցել է վստահության մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ բաց երկխոսությունն ու համատեղ աշխատանքը կարող են դառնալ ամուր և վստահելի համագործակցության ու ապագայի հիմք։

Leave a comment