Այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք, նշել են փաստաբանները
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռն իրավաբանորեն անհիմն է։ Այս մասին նշվում է Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարության մեջ։
Նշենք, որ այսօր Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
«Սույն թվականի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը մեղադրական որոշում կայացրեց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ՝ նրան դատապարտելով քսան տարվա ազատազրկման: Այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ», – նշվում է հայտարարության մեջ։
Իրավաբանները նշել են, որ դատավարությունն ի սկզբանե ընթացել է և՛ Ադրբեջանի ներքին օրենսդրության, և՛ այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ և համակարգային խախտումներով:
Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին: Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը։ Պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։
«Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող», – նշվում է հայտարարության մեջ։
Իրավաբանները նաև նշել են, որ մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։
«Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար։ Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին` անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել պարոն Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար: Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը», – նշվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթի տակ ստորագրել են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, «Equity Law Partners» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Եղիշե Կիրակոսյանը, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանը։