Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է


ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոցներով։


«Կիրառվել է համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք, 3 ամիս տնային կալանք և 1 մլն դրամ գրավ»,- 1lurer.am-ին հայտնեց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը:


Հիշեցնենք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Դիտումների քանակ2

Leave a comment