Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները հաղորդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին, գրում է Türkiye Today-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը, որը բարձր մակարդակի միջազգային մարմին է, պատրաստվում է առաջին նիստն անցկացնել Վաշինգտոնում փետրվարի 19-ին։ Խորհուրդը, որը ներառում է 24 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, ստեղծվել է պատերազմից ավերված պաղեստինյան անկլավի զանգվածային վերակառուցումը և դրա անցումային կառավարումը վերահսկելու համար։

Թեև Էրդողանը Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամներից է, թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները նշում են՝ քիչ հավանական է, որ նա կմասնակցի գագաթնաժողովին: Փոխարենը սպասվում է, որ Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Հաղորդվում է, որ փետրվարի 19-ը մահմեդականների համար սրբազան Ռամադանի առաջին օրն է։

Ֆիդանը Խաղաղության խորհրդի գլխավոր մարմնի՝ Գործադիր խորհրդի անդամ է։ Սա հետևում է Դավոսում հունվարի 22-ին կայացած ստորագրման արարողության արձանագրությունից, որտեղ Ֆիդանը Թուրքիայի անունից ստորագրել է հիմնադիր կանոնադրությունը, մինչդեռ Էրդողանը դրան չի մասնակցել։

Խաղաղության խորհուրդը ներառում է համաշխարհային ճանաչում ունեցող գործիչների: Հիմնական անդամների թվում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Խորհուրդը, որը նշանակվել է որպես ժամանակավոր վերահսկող մարմին, նպատակ ունի պատրաստել քաղաքական և անվտանգության հիմքերը Գազայի հատվածից Իսրայելի լիակատար դուրսբերման համար։ Դրա հիմնական նպատակներն են ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և պաղեստինցի քաղաքացիական անձանցից կազմված անցումային կառավարության ստեղծումը։ Ավելին, խորհուրդը կղեկավարի համապարփակ վերակառուցման ջանքերը, քանի որ Գազայի քաղաքացիական ենթակառուցվածքների 90%-ը ոչնչացվել է Իսրայելի հարձակումների հետևանքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment