Ժնևում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ համաձայնության են եկել Միացյալ Նահանգների հետ հիմնարար սկզբունքների շուրջ։
Արաղչին նշել է, որ լավ առաջընթաց է գրանցվել, և հնարավոր համաձայնագիրը կորոշվի այս սկզբունքների հիման վրա։ Արտգործնախարարի խոսքով, սակայն, սա չի նշանակում, որ համաձայնագիրը շուտով կկնքվի. «Բայց մենք արդեն սկսել ենք այս գործընթացը։ Ինչ վերաբերում է համաձայնագրի տեքստի սահմանմանը, դա մի փոքր ավելի բարդ է»։
Նախարարն ընդգծել է, որ բանակցությունների ներկայիս փուլը, նախորդի համեմատ, անդրադարձել է ավելի լուրջ հարցերի, և մթնոլորտն ավելի դրական է եղել։
Արաղչին նաև հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ։
«Մենք որոշեցինք, որ կողմերը կաշխատեն տեքստերի վրա, որից հետո կնշանակվի բանակցությունների երրորդ փուլը։ Մենք ավելի հստակ պատկերացում ունենք առաջիկա աշխատանքի մասին։ Կան հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի միջև մերձեցումը ժամանակ կպահանջի։ Այնուամենայնիվ, մենք ունենք սկզբունք, որի հիման վրա երկու կողմերն էլ գործում են», – հավելել է Իրանի արտգործնախարարը։