ՌԴ-ում ռազմական պարետատան շենքում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր կան

Քաղաքականություն

17.02.2026 | 17:21

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում գտնվող ռազմական պարետատան շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Պատճառը դեռևս հայտնի չէ, գրում է Meduza-ն։

Հաղորդվում է, որ Սերտոլովո քաղաքում պարետատան շենքի երկրորդ և երրորդ հարկերը մասամբ փլուզվել են, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Փլատակների տակ կարող է ևս երեք կամ չորս մարդ լինել։

Mash տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 14:20-ի սահմաններում՝  շենքի երրորդ հարկում։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները մաքրում են փլատակները։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտարարել է, որ «հրահանգել է իրավապահ մարմիններին օգնել զինվորականներին փլատակները մաքրելու և շենքի փլուզման հետևանքով վիրավորներին փրկելու հարցում»։ Նրա գրառման մեջ նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել «Սերտոլովոյի զորամասի տարածքում գտնվող ռազմական ոստիկանության շենքում»։

47news-ը հաղորդում է պայթյունի հետևանքով երեք զոհի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment