Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների խորացմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առիթով: Չինաստանում անչափ սիրված ավանդական և ընտանեկան այս տոնը թող առողջություն, ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Հայաստանի և Չինաստանի ավանդական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը, որոնց ռազմավարական մակարդակի բարձրացումը նոր հնարավորություններ է ստեղծում երկու երկրների համար:

Հավատացած եմ, որ մեր պետությունների միջև հարաբերությունների վերընթաց զարգացման ուղղությամբ գործադրված ջանքերը ռազմավարական գործընկերության շրջանակը կհարստացնեն հավակնոտ նպատակներով և նոր ծրագրերով։

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Leave a comment