Մոդուլային ատոմակայանի արտադրող էլեկտրաէներգիայի սակագինը կլինի թանկ՝ 60-80 դրամ. Ղազինյան > Լուրեր Հայաստանից

«Տեղի է ունենում խաբեություն»,- ասուլիսում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ խոսելով ամերիկյան խոստացած մոդուլային ատոմայանի մասին։

Նա նշեց, որ ԱՄՆ-ում 2023 թվականին տրվել է մոդուլային ատոմակայանի նախագիծ անելու և կառուցելու առաջին լիցենզիան, սակայն նույն թվականին կանգնեցվել է շինարարությունը, պարզվել է, որ իրական նախագծից շատ ավելի թանկ է։

«Այսինքն այդ 5+4 միլիարդ ևս հստակ թիվ չէ»,- նշեց նա։

Ղազինյանի խոսքով, որևէ մեկը չի ասում, որ դա վատ բան է. «Ասում ենք, որ սխալ եք անում, այդ պետությունը չունի կառուցած մոդուլային ատոմակայան, որ գնաս, տեսնեն ինչպես է կատարվում։ Իմ ինֆորմացիայով, աշխարհում դեռևս ցանցին կպած մոդուլային ատոմակայան չկա։ Կա ռուսական, որը ցանցին կպած չէ, ինքնավար աշխատում է։ Դա նոր գիտություն է, դեռևս պետք է հղկվի, նոր մտնենք այդ պարտքի տակ»։

Նա նաև նշեց, որ որևէ մեկը չի խոսում ինքնարժեքի մասին։

«Մեր հաշվարկներով, եթե վճարվի 9 միլիարդը՝ ինքնարժեքը լինելու է 60-80 դրամ։ Այդ դեպքում կամ դա պետք է ուղղակի կառուցվի և չաշխատի, քանի որ ինքնարժեքը թանկ է, կամ սակագինը թանկացվի, քանի որ արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն արդեն թանկ է, պետք է սուբսիդավորվի պետբյուջեից՝ թաքուն կամ պաշտոնական ինչ որ ճանապարհներով»,- ասաց Դավիթ Ղազինյանը։

Leave a comment