Քաղցկեղը «դատավճիռ» չէ, եթե հայտնաբերվում է ժամանակին. ո՞ր անալիզներն են անհրաժեշտ, և որո՞նք են անօգուտ. ուռուցքաբանի խորհուրդները

Ոչ բոլոր հայտնի հետազոտություններն են արդյունավետ. սխալ ընտրված անալիզը կարող է պացիենտի մոտ հարուցել անհարկի տագնապ, ասել է բժիշկը


ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հիվանդության կանխարգելումն ու վաղ ախտորոշումը թույլ են տալիս հայտնաբերել ուռուցքներն այն փուլերում, երբ բուժումն առավել արդյունավետ է:


Газета.Ru-ն, հղում անելով «Սովա» (Վորոնեժ) կլինիկայի ուռուցքաբան, «Օնկոլոգիկա» հիմնադրամի փորձագետ Վիկտորյա Լիխաչյովային, պատմել է, թե ի՞նչն է իրականում աշխատում, ու՞մ է անհրաժեշտ սքրինինգը և ո՞ր հայտնի հետազոտություններն իմաստ չունի կատարելու։


Ըստ բժշկի, դեպքերի մեծամասնությունում չարորակ ուռուցքներն առաջանում են ոչ թե ժառանգական պատճառներով, այլ պատահական մուտացիաների հետևանքով, որոնք կուտակվում են արտաքին միջավայրի և ապրելակերպի ազդեցության ներքո: Սա նշանակում է, որ ուռուցքային հիվանդությունների զգալի մասը պոտենցիալ կերպով կանխարգելելի է:


Ռիսկերի նվազեցման վրա իրապես ազդող գործոնների թվին են դասվում բավարար քանակությամբ բանջարեղենով, մրգերով և բջջանյութով հագեցած հավասարակշռված սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, ծխելուց և ալկոհոլի չարաշահումից հրաժարվելը, մաշկի պաշտպանությունը չափից ավելի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես նաև մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը։


Ուռուցքային հիվանդությունները հաճախ զարգանում են առանց ախտանիշների: Այսպես, ըստ կլինիկական դիտարկումների տվյալների՝ թոքերի քաղցկեղի վաղ փուլերը կարող են ընթանալ առանց որևէ դրսևորման պացիենտների առնվազն 20%-ի մոտ: Հենց այդ պատճառով առողջապահական համակարգը շեշտը դնում է կանխարգելիչ զննումների և դիսպանսերացման վրա, որոնք թույլ են տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ շրջանում։


Կանխարգելիչ հետազոտությունների գոյություն ունեցող ծրագրերն ուղղված են առավել տարածված ուռուցքային հիվանդությունների հայտնաբերմանը: Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար կիրառվում է մամոգրաֆիա. 40–49 տարեկան կանանց խորհուրդ է տրվում այն անցնել երկու տարին մեկ անգամ, 50 տարեկանից հետո՝ կանոնավոր, իսկ 75 տարեկանից հետո հետազոտության անհրաժեշտությունը որոշվում է անհատական կարգով:


Թոքերի քաղցկեղի վաղ ախտորոշման համար առավել արդյունավետ մեթոդ է համարվում ցածր դոզայով համակարգչային տոմոգրաֆիան, որը խորհուրդ է տրվում ամեն տարի իրականացնել ռիսկի խմբում գտնվող անձանց: Մինչդեռ ֆլյուորոգրաֆիան և ռենտգենոգրաֆիան չեն նվազեցնում այս հիվանդությունից մահացությունը: Արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը ներառում է ՊԱՊ-թեստը և ՄՊՎ (մարդու պապիլոմավիրուս) թեստավորումը, որոնք խորհուրդ են տրվում 25 տարեկանից բարձր կանանց:


Հաստ աղիքի քաղցկեղի դեպքում կանխարգելիչ հետազոտությունները թույլ են տալիս նվազեցնել հիվանդության զարգացման ռիսկը մոտ 30%-ով, իսկ մահվան ռիսկը՝ գրեթե 50%-ով: Այս դեպքերում կիրառվում են կղանքում թաքնված արյան թեստերը և կոլոնոսկոպիան, որը համարվում է ախտորոշման «ոսկե ստանդարտը»: Կոլոնոսկոպիան հատկապես կարևոր է 45–50 տարեկանից հետո, երբ առավել հաճախ են հայտնաբերվում նախաքաղցկեղային փոփոխությունները:


Շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար կիրառվում է պրոստատ-սպեցիֆիկ անտիգենի (ՊՍԱ) մակարդակի որոշումը 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Սակայն ՊՍԱ-ի մակարդակի բարձրացումը միշտ չէ, որ վկայում է ուռուցքային հիվանդության մասին։


«Վաղ և ուշ ախտորոշման միջև տարբերությունը սկզբունքային է: I փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում երկարատև ապրելիության շանսերը կարող են գերազանցել 90%-ը, մինչդեռ IV փուլում խոսքը հաճախ ոչ թե լիարժեք առողջացման, այլ հիվանդությունը վերահսկողության տակ պահելու մասին է», – ընդգծում է բժիշկը:


Միևնույն ժամանակ, ոչ բոլոր հանրահայտ հետազոտություններն ունեն ապացուցված արդյունավետություն: Դրանցից մի քանիսը, ընդհակառակը, հանգեցնում են անհարկի անալիզների և միջամտությունների: Բժշկի խոսքով՝ նման իրավիճակների նա պարբերաբար առնչվում է հիմնադրամում, երբ պացիենտի մոտ տագնապն առաջանում է ոչ թե իրական հիվանդության, այլ սխալ ընտրված հետազոտության պատճառով։


Այսպես, փորձագետը խորհուրդ չի տալիս վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը (ՀԴՀ/УЗИ) ընդհանուր ուռուցքային սքրինինգի համար: Համաձայն խոշոր դիտարկումային հետազոտությունների՝ վահանաձև գեղձի հանգույցներ հայտնաբերվում են չափահաս մարդկանց 30-60%-ի մոտ, հատկապես տարիքի հետ: Սակայն դեպքերի ավելի քան 90%-ում դրանք լինում են բարորակ և երբեք չեն ազդում առողջության վրա: Այդուհանդերձ, նման «պատահական հայտնաբերումները» հաճախ սկիզբ են դնում կրկնակի ուլտրաձայնային հետազոտությունների, բիոպսիաների և խորհրդատվությունների մի ամբողջ շարքի:


Ուռուցքային մարկերները (oncomarkers) նույնպես հաճախ ընկալվում են որպես ունիվերսալ «քաղցկեղի անալիզ»: Մասնագետի կարծիքով՝ դրանց ախտորոշիչ արժեքը առաջնային սքրինինգի համար խիստ սահմանափակ է: Բացառություն են կազմում ՊՍԱ-ն (PSA)՝ 50 տարեկանից բարձր տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղի սքրինինգի ժամանակ, և ալֆա-ֆետոպրոտեինը՝ առանձին կլինիկական իրավիճակներում և ռիսկի խմբերում:


Ինքնազննումը, ինչպես ընդգծում է փորձագետը, չի փոխարինում դիսպանսերացմանը, բայց կարող է դառնալ դրա օգտակար լրացումը: Բժիշկը խորհուրդ է տալիս կանոնավոր կերպով զննել մաշկն ու խալերը, կրծքագեղձերը (կանանց), ուշադրություն դարձնել արտաքին սեռական օրգանների վիճակին (տղամարդկանց): Չի կարելի անտեսել տևական ցավը, քաշի անբացատրելի փոփոխությունները, լիմֆատիկ հանգույցների մեծացումը, մշտական հոգնածության զգացումը, մարմնի տարբեր հատվածներում գոյացությունները (պնդացումները), կլման հետ կապված խնդիրները կամ ջերմության տևական բարձրացումը:


«Վաղ փուլում հայտնաբերված ուռուցքների մեծ մասը պահանջում է նվազ ագրեսիվ բուժում և թույլ է տալիս պահպանել կյանքի որակը: Հետևաբար, կանոնավոր դիսպանսերացումն ու պլանային կանխարգելիչ զննումները շատ ավելի կարևոր են, քան մեկանգամյա «ստուգումները» (check-ups)», -ամփոփում է Լիխաչյովան։


Ուշադրություն


Տվյալները միայն տեղեկատվական բնույթի են։ Բժշկական խորհրդատվության կամ ախտորոշման համար դիմեք մասնագետի։


 

Leave a comment