Ռուսական ուժերը լույս երեքշաբթի գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել են 425 օդային միջոցներով, որոնցից 392-ը «խոցվել կամ ճնշվել է», հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերն առավոտյան զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ դրանցից 25-ը հրթիռներ են եղել․ 20 թևավոր հրթիռ, չորս «Իսկանդեր» և մեկ «օդ-օդ» դասի կառավարվող հրթիռ։ Ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի կողմից խոցվել կամ ճնշվել է նաև 367 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը՝ մոտավորապես 250-ը, հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Չորս բալիստիկ հրթիռ և 18 հարձակողական անօդաչու թռչող սարք է գրանցվել, որոնք հարվածել են 13 վայրի, մինչդեռ խփված թիրախների բեկորներն ընկել են ութ այլ վայրերում։
Այս հարձակումը տեղի է ունենում Ժնևում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների երրորդ փուլի մեկնարկի նախաշեմին։ Ռուս զինվորականները չեն մեկնաբանել գիշերային հարձակումը։
Միաժամանակ, ռուսական զորքերն Օդեսայում հարվածել են քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին՝ ըստ տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի։
Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ երեք մարդ վիրավորվել է։ Մեկ տղամարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը՝ միջին ծանրության։ Մեկ այլ կնոջ օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։
Ռուսական զորքերը նաև հարձակվել են Սումիի մարզի Ախտիրկայի շրջանի Կիրիկով համայնքի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վեցը՝ վիրավորվել, որոնց թվում երկու երեխա կա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի