Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգում: Առաջարկվող փոփոխություններից է ուսումնական հաստատության տնօրենի մրցութային գործընթացի ամբողջական թվայնացումը:
Հստակ ամրագրվում է, որ տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարությունը հրապարակվում է բացառապես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում: Նույն հարթակում հրապարակվում են նաև ուսուցչի և ոչ մանկավարժական հաստիքների թափուր տեղերի հայտարարությունները:
Ըստ որոշման՝ տնօրենի հավակնորդները մասնակցության հայտերն ու զարգացման ծրագրերը նույնպես ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով մրցութային գործընթացի ամբողջական թվայնացումը, տնօրենի պաշտոնի հավակնորդների մասնակցության թափանցիկությունը։ Փոփոխության նպատակը մինչ այժմ փաստաթղթային եղանակով իրականացվող ընթացակարգերը պարզեցնելն է՝ նվազեցնելով վարչարարական բեռը, ապահովելով գործընթացների թափանցիկությունն ու արդյունավետությունը։