SPRING PR ընկերության համահիմնադիր եւ Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը հրավեր է ստացել անդամակցելու Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին: Ընտրության հիմքում բիզնես ոլորտում ունեցած ազդեցությունն է, մասնագիտական փորձն ու ձեռքբերումները:
«Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին անդամակցելը մեծ պատիվ է եւ, ըստ էության, ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում իրականացված աշխատանքի գնահատանքը: Ավելին, սա կարեւոր հնարավորություն է՝ շփվելու աշխարհի առաջատար փորձագետների հետ, մտքեր փոխանակելու հաղորդակցության ոլորտի զարգացումների վերաբերյալ եւ մասնակցելու այնպիսի քննարկումների, որոնք ազդում են տարբեր շուկաներում բիզնես որոշումների կայացման վրա: Համոզված եմ, որ այս շարունակական երկխոսությունն ու համագործակցությունը ոչ միայն կհարստացնեն իմ մասնագիտական ուղին, այլեւ էլ ավելի լսելի կդարձնեն Հայաստանի ձայնն ու կամրապնդեն մեր երկրի դիրքը համաշխարհային հաղորդակցության օրակարգում»,-ասել է Տաթեւիկ Սիմոնյանը:
Forbes-ի Հաղորդակցությունների խորհուրդը (Forbes Communications Council) Forbes խորհրդի մաս է: Այն իրենց ոլորտներում առաջնորդ-ղեկավարների փակ համայնք է, որին հնարավոր է միանալ բացառապես հրավերով:
Որպես Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդի անդամ՝ Տաթեւիկ Սիմոնյանը նաեւ հնարավորություն կունենա իր հեղինակային փորձագիտական հոդվածները հրապարակել Forbes.com կայքում։
Ռազմավարական հաղորդակցությունների ոլորտում շուրջ երկու տասնամյակի փորձի շնորհիվ Տաթեւիկ Սիմոնյանը սերտ կապեր է հաստատել մասնագիտական համայնքների հետ եւ իր ներդրումն ունեցել արդյունավետ հաղորդակցության ռազմավարությունների մշակման, միջմշակութային փոխգործակցության խթանման եւ ոլորտի չափորոշիչների զարգացման գործում։
Տաթեւիկ Սիմոնյանն այժմ Լոնդոնում գործող Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի (IPRA) տնօրենների խորհրդի անդամ է, որտեղ ներկայացնում է Արեւմտյան Ասիան եւ Մերձավոր Արեւելքը, հանդիսանում է Դավոսի համաշխարհային հաղորդակցության ֆորում ասոցիացիայի (WCFA) խորհրդի եւ Ամերիկայի հասարակայնության հետ կապերի ասոցիացիայի (PRSA) անդամ:
Նրա նշանակալի նվաճումների թվում են Doing Digital Forum-ի հիմնադրումը, որը թվային փոխակերպումների բազմաբնույթ թեմաները քննարկող եւ լուծումներ առաջարկող միջազգային հարթակ է, ինչպես նաեւ 2022 թվականին Նյու Դելիում կայացած «PR & Corp Communications» գագաթնաժողովում «Տարվա համաշխարհային PR առաջնորդ» (Global PR Leader) տիտղոսին արժանանալը։