Ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածում՝ Թունջելի նահանգի Ռաբաթ ամրոցում կատարված հնագիտական հազվագյուտ գտածոն արմատապես փոխում է պատկերացումները Մեծ Հայքի երկրորդ նահանգի` հելլենիստական դարաշրջանի Ծոփքի (Սոֆենա) թագավորության մասին։ Քարի վրա փորագրված մ.թ.ա. II դարի միջին արամեերեն արձանագրությունը դարձել է տեղական վերնախավի առաջին ուղղակի փաստաթուղթը, որը վերականգնում է պատմության մեջ մինչ օրս անտեսված տեղական էլիտայի մասին պատկերացումները։ Այս եզակի տեքստը, որը հայտնաբերվել է գյուղական մի կառույցում որպես շինանյութ օգտագործված քարի վրա, վկայում է այն մասին, թե ինչպես է Ծոփքի էլիտան կառուցել իր ինքնությունը հզոր կայսրությունների միջև։
Արձանագրության առանցքային նշանակությունը կայանում է «Երվանդունիների (Օրոնտիդների) տան» հիշատակման մեջ, ինչը պաշտոնապես հաստատում է տեղական լորդերի քաղաքական հավատարմությունը իշխող արքայատոհմին։ Տեքստում առկա հնարավոր հղումը Միթրոբուզան արքային, ով հայտնի է պատմական այլ աղբյուրներից և դրամներից, ամրապնդում է Ռաբաթ ամրոցի կապն արքունական ցանցի հետ։ Հատկանշական է, որ հելլենիստական աշխարհում գերիշխող հունարենի փոխարեն արամեերենի ընտրությունն ընդգծում է Ծոփքի մշակութային ինքնուրույնությունը. այս լեզուն ծառայել է` որպես հեղինակավոր վարչական գործիք՝ կապված պարսկական ավանդույթների հետ։
Հիշեցնենք, որ Ծոփքը , որը հայտնի է նաև որպես Չորրորդ Հայք անվամբ, Մեծ Հայքի երկրորդ նահանգն էր և հանդիսանում էև Մեծ Հայքի թագավորության առավել նշանավոր նահանգներից մեկը: