Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հաջողությանը, քանի որ նրա առաջնորդությունը կարևոր է ԱՄՆ ազգային շահերի համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ապրիլյան ընտրություններից առաջ ԱՄՆ-ի ամուր աջակցությունը հայտնելով վաղեմի հունգարացի ազգայնական առաջնորդին, գրում է Reuters-ը։

Բուդապեշտում Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ի և Հունգարիայի կապերը մտնում են «ոսկե դարաշրջան», սակայն դա, կարծես, պայմանավորել է Օրբանի առաջնորդության շարունակմամբ։

«Նախագահ Թրամփը խորապես նվիրված է ձեր հաջողությանը, քանի որ ձեր հաջողությունը մեր հաջողությունն է։ Մենք ուզում ենք, որ այս երկիրը լավ զարգանա: Դա մեր ազգային շահերից է բխում, հատկապես, քանի դեռ դուք վարչապետն ու այս երկրի առաջնորդն եք»,- ասել է նա։

Ռուբիոն, որը նաև Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է, Կենտրոնական Եվրոպայում էր երկօրյա շրջագայության երկրորդ փուլում՝ այցելելով Սլովակիա և Հունգարիա, որոնց պահպանողական առաջնորդները ջերմ կապեր ունեն Թրամփի հետ և քննադատում են Եվրամիությանը։

Ապրիլի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, որոնք, ըստ կանխատեսումների, թեժ են լինելու, Օրբանը բախվելու է ամենամեծ մարտահրավերին իր «Ֆիդես» կուսակցության՝ 2010 թվականին իշխանության գալուց ի վեր։

Քվեարկությունը մեծ հետևանքներ կունենա Եվրոպայի և դրա ամրապնդվող պահպանողական և ծայրահեղ աջ քաղաքական շարժումների համար։ Օրբանը, որը վաղուց ի վեր Թրամփի ամենամտերիմ դաշնակիցներից է Եվրոպայում, հաճախ բախվում է ԵՄ-ի հետ մի շարք հարցերի շուրջ՝ միաժամանակ պահպանելով բարեկամական կապեր Ռուսաստանի հետ և քննադատելով Ուկրաինային։

Ամերիկյան ծայրահեղ աջակողմյան գործիչներից շատերի կողմից Օրբանը համարվում է Թրամփի կոշտ ներգաղթային քաղաքականության և քրիստոնեական պահպանողականության աջակցության մոդել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment