Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան կարող է երկրի համար «աննախադեպ» ներդրումների սկիզբ դնել, որոնց ընդհանուր ծավալը կարող է հասնել մոտ 9.6 միլիարդ դոլարի։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Աքսես» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի հետ քննարկվող երեք խոշոր նախագծերը՝ ատոմակայան, արհեստական բանականության գործարան և «Թրամփի ուղի» ավտոճանապարհ։

«Եթե գումարենք այս երեք նախագծերը, ընդհանուր առմամբ 9 միլիարդ 600 միլիոն դոլարի մասին է խոսքը գնում։ Դա իրականում, առանց որևէ չափազանցության, Հայաստանի համար աննախադեպ ներդրում է»,- նշեց Ֆանյանը։

Նրա խոսքով, անկախ ֆինանսավորման կառուցվածքից (լինի դա պարտքային, թե բաժնեմասնակցային), Հայաստանի համար սա որակվելու է որպես ուղղակի օտարերկրյա ներդրում։ Տնտեսագետը բացատրեց, որ սովորաբար նման ռազմավարական նախագծերում տեխնոլոգիան բերող երկիրը նաև ապահովում է ֆինանսավորումը։ «Ամենայն հավանականությամբ, դա լինելու է ամերիկյան ընկերություն, և ներդրումներն էլ, այդ գործարքի ֆինանսավորման մեծ մասը իրականացվելու է ներդրումների տեսքով՝ ամերիկյան ներդրողների կողմից»,- հավելեց նա։

Հարցին, թե արդյոք այս ներդրումները ռուսական կախվածությունը չեն փոխարինում ամերիկյանով, Ֆանյանը պատասխանեց. «Ի՞նչ է անկախությունը։ Երբ դու իրավունք ունես ընտրել, թե ումից լինես կախյալ»։ Նա ընդգծեց, որ նման մասշտաբի տնտեսական ներգրավվածությունը նաև անվտանգության լրացուցիչ բաղադրիչ է ստեղծում։

«Պատկերացրեք, եթե այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպես, օրինակ, OpenAI-ը, օգտվում են Հայաստանում տեղակայված հզորություններից։ Բնականաբար, այդ երկրները կօգտագործեն իրենց ամբողջ լոգիստական ներուժը, որպեսզի հնարավոր էսկալացիան, կոնֆլիկտը բացառեն, որովհետև դա իրենց բիզնեսի շահերի դեմ է ազդում։ Դա նաև որոշակի թաքնված երաշխիք է»,- պարզաբանեց տնտեսագետը։

Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից վերցնելու և այլ «բարեկամ երկրի» փոխանցելու վարչապետ Փաշինյանի գաղափարին, Հայկազ Ֆանյանը սա որակեց «դիվանագիտական խոսույթ»։ Նրա կարծիքով, տնտեսական տրամաբանությունը հուշում է, որ ամբողջ երկաթուղին պետք է կառավարի այն նույն ուժը, որը ներգրավված է «Խաղաղության խաչմերուկի» առանցքային՝ ԹՐԻՓՓ հատվածում։

«Եթե ԹՐԻՓՓ-ը տրված է ամերիկյան կողմին, ամենաբնական տարբերակը մնացած մասը ևս ամերիկյան կողմին տրամադրելն է, թեկուզ հենց այն պատճառով, որ հենց ամերիկյան կողմը շահագրգիռ կլինի, որ օգտագործվի ոչ թե թուրքական երկաթուղին, այլ Հայաստանի տարածքով երկաթուղին։ Իսկ այսօր ո՞վ կարող է այդպիսի երաշխիքներ ապահովել հայկական կողմի համար։ Միակ երկիրը, որն այսօր կարող է այդպիսի երաշխիքներ տալ, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է»,- վստահ է Ֆանյանը։

Տնտեսագետը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի կողմից կոշտ տնտեսական պատժամիջոցների հավանականությանը, քանի որ, ըստ նրա, Ռուսաստանն այլևս 2019-2021 թվականների դիրքերում չէ և այժմ նրա հիմնական մտահոգությունը «լուսանցքում չհայտնվելն» է։

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Հայաստանի կառավարության քայլերը տնտեսությունը ռուսական շուկայից դիվերսիֆիկացնելու ուղղությամբ բավարար չեն։ «Այդ ուղղությամբ իրականացվող քայլերը բավարար չեն։ Այդպիսի տնտեսական ռեֆորմները ժամանակ են պահանջում, դա չի կարող իրականացվել մեկ կամ երկու տարում։ Բայց որպեսզի երկարաժամկետում մենք էֆեկտներ տեսնենք, մենք պետք է տեսնենք արդեն իսկ գործողություններ այսօր կառավարության կողմից, որոնք ոչ թե օրվա խնդիրն են լուծում, օրինակ՝ մաքսատուրքի սուբսիդավորում կամ լոգիստիկ ծախսերի փոխհատուցում, այլ ավելի երկարաժամկետ լուծումների մասին»,- եզրափակեց Հայկազ Ֆանյանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment