Մոդուլային ատոմակայանը ՀՀ-ի համար ամենանախընտրելի տարբերակն է. ՀԾԿՀ նախագահը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին

Մոդուլային ատոմակայանի կառուցումը ՀՀ-ի համար ամենանախընտրելի տարբերակն է, հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մոդուլային ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար ամենանախընտրելի տարբերակն է, հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ խոսելով ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին։


«Մի բան է ունենալ մեկ 400 մեգավատանոց ատոմակայան, այլ բան, եթե ունենանք 8 հատ 50 մեգավատանոց մոդուլներ․ դրանք ավելի ճկուն են եւ դրանց աշխատանքն ավելի արդյունավետ է»,-երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։


Նրա խոսքով, ամերիկյան մոդուլային ատոմակայանները մի շարք առավելություններ ունեն՝ պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով են աշխատելու, սարքավորումների 80-90 տոկոսը արտադրվելու են իրենց հիմնական երկրներում։


«Այսինքն, դրանք բոլոր առումներով ավելի բարձր դասի են, քան ունենք, դրանց ռեակտորային մասը հողի մեջ է լինելու»,-պարզաբանել է նա։


Մեկնաբանելով այն քննադատությունը, որ ԱՄՆ-ն առաջին անգամ է կառուցում մոդուլային ատոմակայաններ, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանն արդեն իսկ ունեն գործող կայաններ, Մեսրոպյանը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից նախատեսված 51 մոդուլային ատոմակայաններ գտնվում են նախագծման փուլում 10 երկրներում։


Մեսրոպյանը ընդգծել է, որ միջուկային էներգիայի վերաբերյալ քննարկումները պետք է վարեն փորձագետները, և քաղաքական գործիչների կողմից ծայրահեղ գնահատականները չեն նպաստում կառուցողական երկխոսությանը։


Հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրել է, որ խորհրդային տարիներին Հայկական ատոմակայանի կառուցման ժամանակ տեղի են ունեցել հակասական քննարկումներ։ Նրա խոսքով, եթե այն ժամանակվա ղեկավարությունը չհամաձայնվեր ատոմակայանի կառուցմանը, Հայաստանը կարող էր էներգետիկ կոլապսի ենթարկվել իր անկախության տարիներին։


Հայ–ամերիկյան համաձայնագրերը


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ին Հայաստան կատարած պաշտոնական երկօրյա այցի շրջանակում ստորագրվել է համատեղ փաստաթուղթ՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։


Փաստաթուղթը ձևավորում է իրավական հիմք խաղաղ ատոմի ոլորտում հետագա փոխգործակցության, մասնավորապես՝ լիցենզավորման և ԱՄՆ տեխնոլոգիաների ու սարքավորումների հնարավոր ներգրավման համար։ Համաձայնագիրը նախատեսում է մինչև 5 միլիարդ դոլարի արտահանման մատակարարումներ սկզբնական փուլում և ևս մինչև 4 միլիարդ դոլար՝ վառելիքի և սպասարկման համար։


Ռոսատոմի առաջարկի մասին


Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանին առաջարկել էր համալիր համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում։


Համագործակցությունը կարող է ներառել մեծ, միջին կամ փոքր հզորության ատոմակայանների կառուցում, ինչպես նաև ոչ միջուկային բնույթի նախագծեր, պարզաբանել են «Ռոսատոմում»։


Հայկական կողմի քննարկմանն արդեն ներկայացվել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ)։


ԱԷԿ–ի մոդելի ընտրության մասին


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային տիպի, սակայն վերջնական ընտրությունը կկատարվի 2026–2027 թվականներին։


«Մենք շարունակում ենք ուսումնասիրել առաջարկները, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի գործընկերների հետ», – ասել է Խուդաթյանը:


Հայկական ԱԷԿ–ի մասին


Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանը, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրության մինչև 40%-ը։


Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, և աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով կրկնակի երկարաձգելու ուղղությամբ։


Հայաստանի իշխանությունները ծրագրում են 8–10 տարվա ընթացքում կառուցել նոր ատոմակայան։ Ներկայումս ուսումնասիրվում են տարբեր տարբերակներ և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Հարավային Կորեայի գործընկերների փորձը։


Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։ Նրա խոսքով՝ կա հնարավորություն, մասնավորապես, 50 ՄՎտ հզորությամբ բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր։


 

Leave a comment