«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT

Քաղաքականություն

16.02.2026 | 20:27

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության նախկին հավաքագրողներն ու քարոզիչները դարձել են Կրեմլի կողմից կազմակերպված գործողությունների հիմնական խողովակը: Financial Times-ը գրում է, որ արևմտյան հետախուզական ծառայությունների տվյալներով՝ խումբը դիվերսիոն գործողություններ է իրականացնում Եվրոպայում, փոխանացում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մինչդեռ, «Վագներ»-ը  մի քանի տարի առաջ հայտարարել էր գործունեության դադարեցման մասին: Նշվում է, որ Եվգենի Պրիգոժինի 2023 թվականի հունիսին ձախողված հեղաշրջումից և նրա մահից հետո «այս զինված ​​խմբի կարգավիճակը մնացել է անորոշ»։ Ըստ FT-ի աղբյուրների, «Վագներ»-ի  հավաքագրողները, որոնք «մասնագիտանում էին Ռուսաստանի  շրջաններից երիտասարդ տղամարդկանց համոզելու մեջ՝ կռվելու Ուկրաինայում», հիմա նոր առաքելություն ունեն՝ հավաքագրել տնտեսապես խոցելի եվրոպացիների՝ ՆԱՏՕ-ի  երկրների տարածքում հարձակումներ իրականացնելու համար:

Ռուսական գլխավոր հետախուզական վարչությունն «օգտագործում է իր տրամադրության տակ գտնվող տաղանդներին», ասել է արևմտյան հետախուզության աշխատակիցը՝ հղում անելով «Վագներ»-ի ցանցին: Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը և ԱԴԾ հակահետախուզական գործակալությունը գնալով ավելի ակտիվ են դառնում Եվրոպայում գործակալների որոնման գործում՝ ձգտելով «քաոս սերմանել»:

Վերջին երկու տարիների ընթացքում Կրեմլն ընդլայնել է իր անկայունացման և դիվերսիայի արշավն ամբողջ Եվրոպայում՝ նպատակ ունենալով թուլացնել արևմտյան տերությունների վճռականությունն Ուկրաինային աջակցելու և սոցիալական անկարգություններ հրահրելու հարցում։

FT-ն նշում է, որ ԵՄ մայրաքաղաքներից մի շարք դիվանագիտական ​​արտաքսումներից հետո Եվրոպայում գաղտնի գործակալների թվի զգալիորեն նվազման հետ բախվելով՝ հետախուզության ղեկավարներն ավելի ու ավելի հաճախ են դիմում միջնորդների՝ իրենց առաջադրանքը կատարելու համար: Եվ «Վագներ»-ի ցանցն ապացուցել է առանձնապես արդյունավետ, թեև պարզունակ գործիք լինելը։

FT-ի աղբյուրները նշում են, որ «Վագներ»-ի գործակալներին հանձնարարվել է կատարել բազմազան առաջադրանքներ՝ սկսած քաղաքական գործիչների մեքենաների և Ուկրաինայի համար մարդասիրական օգնություն պարունակող պահեստների հրկիզումից մինչև նացիստական ​​քարոզիչների դերում ներկայանալը: Հավաքագրումը սովորաբար վճարովի է և հաճախ ներառում է մարգինալացված անհատների:

Եվրոպացի պաշտոնյաներից մեկն ասել է, որ  «Վագներ»-ն ունի հավաքագրողների պատրաստի ցանց, որոնք «խոսում են նրանց լեզվով»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment