ԱՄՆ-ն և Հունգարիան պայմանավորվել են համագործակցել էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգիայի ոլորտում


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկուշաբթի հայտարարել է, որ Բուդապեշտը և Վաշինգտոնը համաձայնության են եկել էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգիայի ոլորտում։


«Մենք համագործակցության համաձայնագիր ենք կնքել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ներառյալ նավթը, գազը և ատոմը», – ասել է Օրբանը Բուդապեշտում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:


Իր հերթին, Ռուբիոն վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն և Հունգարիան թևակոխում են  երկկողմ հարաբերությունների «ոսկե դարաշրջան»։ Պետքարտուղարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել, եթե Հունգարիան «ֆինանսական դժվարության բախվի»։


ԱՄՆ պետքարտուղարը Հունգարիայից առաջ այցելել էր Սլովակիա:

Leave a comment