9,5 մլրդ ծավալով ուղևորություն. Չինաստանում մեկնարկել է աշխարհի ամենամեծ ամենամյա «միգրացիան»

Ճանապարհորդական այս իրարանցումը, որը չինարեն անվանում են «Չունյուն» (Chunyun), հաճախ դիտարկվում է որպես երկրի տնտեսական առողջության ցուցիչ


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Չինաստանում մեկնարկել է Լուսնային Ամանորի «մեծ գաղթը». սպասվում է 9,5 միլիարդ ուղևորություն։


Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։


Ամեն տարի Լուսնային Ամանորի տոների ընթացքում հարյուր միլիոնավոր մարդիկ հատում են Չինաստանի սահմանը՝ հայրենի քաղաքներում ընտանիքների հետ վերամիավորվելու կամ զբոսաշրջության նպատակով։ Սա համարվում է աշխարհի ամենամեծ ամենամյա մարդկային միգրացիան։


Ճանապարհորդական այս իրարանցումը, որը չինարեն անվանում են «Չունյուն» (Chunyun), հաճախ դիտարկվում է որպես երկրի տնտեսական առողջության ցուցիչ և տրանսպորտային հսկա համակարգի «ճնշման» համար անցկացվող «թեստ»։


Որքա՞ն է այն տևում


Այս տարվա տոնական իրարանցումը մեկնարկել է փետրվարի 2-ին և կտևի 40 օր։ «Գարնանային փառատոնի» պաշտոնական արձակուրդները կլինեն փետրվարի 15-ից 23-ը։


Քանի՞ ուղևորություն է սպասվում


Պաշտոնյաները կանխատեսում են ռեկորդային՝ 9,5 միլիարդ ներքին տուրիզմ 40-օրյա ժամանակահատվածում (նախորդ տարվա 9,02 միլիարդի փոխարեն)։ Այս թվերի աճը պայմանավորված է նաև նրանով, որ 2023 թվականից տրանսպորտի նախարարությունը հաշվարկների մեջ ներառում է նաև մայրուղիներով ավտոմոբիլային ճանապարհորդությունները։


Տրանսպորտի տեսակները


Երկաթուղի. Փետրվարի 2-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում չինական երկաթուղիներն արդեն սպասարկել են 1,01 միլիարդ ուղևորի։


Ավիացիա. Առաջին շաբաթվա ընթացքում (մինչև փետրվարի 8-ը) թռիչքների թիվը հասել է 16,32 միլիոնի։ Ընդհանուր առմամբ ակնկալվում է 95 միլիոն ավիաուղևորություն։


Որո՞նք են ամենապահանջված ուղղությունները


Տուրիստական գործակալությունները նշում են միջազգային ճանապարհորդությունների աճ։ Ներքին շուկայում պահանջված են կամ արևադարձային վայրերը (ինչպես Հայնան կղզին), կամ դահուկային հանգստավայրերը (Չանբայշան լեռներ): Միջազգային հարթակում աճում է հետաքրքրությունը Թաիլանդի և Ավստրալիայի նկատմամբ։ Ռուսաստանը դարձել է նոր ուղղություն այն բանից հետո, երբ 2025 թ․ դեկտեմբերին չինացի զբոսաշրջիկների համար սահմանվեց առանց վիզայի ռեժիմ։


Փոխարենը՝ լարված հարաբերությունների պատճառով կտրուկ նվազել է պահանջարկը դեպի Ճապոնիա։


Ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել այս տարի


Այս տարի «Գարնանային փառատոնի» արձակուրդը երկարաձգվել է մեկ օրով։ Բացի այդ, Չինաստանը ընդլայնել է իր՝ առանց վիզայի մուտքի քաղաքականությունը ավելի քան 45 երկրների համար (այդ թվում՝ եվրոպական շատ երկրների, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի), ինչը թույլ է տալիս օտարերկրյա զբոսաշրջիկներին մնալ երկրում մինչև 30 օր։

Leave a comment