ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, անդրադարձել է սահմանադրական հանրաքվեից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման երաշխիքներին, Ադրբեջանի հետ բանակցություններին և Հայաստանի արտաքին ու անվտանգային դիրքավորման փոփոխությանը։
Պատասխանելով հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ սահմանադրական հանրաքվեի դրական արդյունքի դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի, Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանը և խաղաղության օրակարգն այսօր միջազգային քննարկումների տիրույթում են, և ձևավորվել է ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից կամ նոր Սահմանադրության ընդունումից հետո համաձայնագիրը կստորագրվի։
Վարչապետի խոսքով՝ այս հարցով քննարկումներ են եղել նաև Ադրբեջանի հետ, իսկ Բաքուն արտաքին գործերի նախարարի մակարդակով հրապարակային հայտարարություն է արել, որ դրանից հետո խոչընդոտ չի լինի։
Հաղորդավարի դիտարկմանը, թե, ընդդիմախոսների գնահատմամբ և պատմական փորձի համաձայն, Ադրբեջանը պայմանագրունակ երկիր չէ, վարչապետն արձագանքել է՝ ընդունելով, որ մարդկության պատմության մեջ եղել են դեպքեր, երբ անգամ ստորագրված պայմանագրերը չեն կատարվել։ Սակայն, ըստ նրա, Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական ռազմավարությամբ ու նպատակներով։ Որպես օրինակ՝ նա հիշեցրել է 2024 թվականին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը․ ըստ Փաշինյանի՝ այն ժամանակ էլ Հայաստանում պնդում էին, թե Ադրբեջանը չի վավերացնելու փաստաթուղթը, սակայն ի վերջո վավերացրեց։
Պատասխանելով ուղիղ հարցին՝ արդյոք բացառում է հանրաքվեից և սահմանադրական փոփոխություններից հետո Ադրբեջանի կողմից որևէ այլ նախապայմանի կամ պահանջի առաջադրումը, Փաշինյանը հայտարարել է․
«Այո, դա բացառում եմ։ Այս հարցի մեջ դնում եմ իմ քաղաքական, մարդկային, բարոյական ողջ կապիտալը և դրա պատասխանատվությունը ստանձնում եմ»։
Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում տարածված՝ երաշխիքների մասին պատկերացումները հաճախ սխալ են․ երաշխիքների զգալի մասը ոչ թե արտաքին է, այլ ներքին և կախված է նրանից, թե ինչպես է երկիրը դիրքավորվում։ Իր միտքը պարզաբանելու համար Փաշինյանը բերել է տանիքից կախված սառույցի փոխաբերությունը՝ նշելով, որ սառույցի՝ գլխին չընկնելու միակ իրական երաշխիքը դրա տակ չկանգնելն է, այլ ոչ թե եղանակի տեսության կամ սպասարկող մարմինների աշխատանքի վրա հույս դնելը։
Անդրադառնալով անցյալի և ներկայի քաղաքականության տարբերությանը՝ վարչապետը նշել է, որ մինչև 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները Հայաստանը իներցիայով վարել է «սառույցի տակ կանգնած»՝ տարբեր կողմերի հետ պայմանավորվելու և արտաքին երաշխիքներ փնտրելու քաղաքականություն՝ ունենալով անգամ երաշխավորված պայմանագրեր։ Նրա խոսքով՝ 2022 թվականի աշնան իրադարձություններից հետո ձևավորվել է այն գիտակցումը, որ պետք է փոխել դիրքավորումը և պարզապես դուրս գալ վտանգի տակից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան