Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է

Կապանի համայնքապետ, «Շանթ դաշինքի» ընտրական ցուցակը գլխավորող Գևորգ Փարսյանը հրապարակել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները։ Հրապարակված տվյալների համաձայն՝ «Շանթ դաշինքն» առաջատար է բոլոր 23 ընտրատեղամասերում, որոնց արդյունքները ներկայացրել է համայնքապետը։

Նշենք, որ այս տվյալները հրապարակել է Փարսյանը, և դրանք դեռևս ԿԸՀ-ի պաշտոնական ամփոփ արդյունքները չեն։

Կապանի 23 ընտրատեղամասերի նախնական արդյունքները՝

– «Շանթ դաշինք» – 1 575 ձայն (87,31%)
– «Քաղաքացիական պայմանագիր» – 211 ձայն (11,70%)
– «Ապրելու երկիր» – 18 ձայն (1,00%)

Տոկոսները հաշվարկվել են քաղաքական ուժերի ստացած ձայների հանրագումարի հիման վրա։

Կապան համայնքում ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։ «Շանթ դաշինքի» ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ Նարեկ Բաբայանը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ Տիգրան Աղասյանը։

2026 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ համայնքն ունի 33 հազար 340 ընտրող։

Հիշեցնենք, որ Գևորգ Փարսյանն առաջին անգամ Կապանի համայնքապետ է ընտրվել 2018 թվականի հոկտեմբերի 21-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններում՝ ստանալով ձայների շուրջ 54,4%-ը։ Այդ ժամանակ էլ նրա հիմնական մրցակիցը Նարեկ Բաբայանն էր։

2021 թվականի նոյեմբերի 14-ի՝ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններում ևս հաղթել էր Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը»։

ՔՊ-ի այս տարվա ցուցակը գլխավորող Նարեկ Բաբայանը նախկինում զբաղեցրել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնը, իսկ 2022 թվականից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ է՝ որպես ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի լիազոր ներկայացուցիչ։

Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Բաբայանը մեկ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ից ստացել է 72 մլն դրամ աշխատավարձ՝ ամսական 6 մլն դրամ՝ ներառյալ հարկերը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment