Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հայտարարություններին, նոր Սահմանադրության նախագծին և ընտրական օրենսգրքով սահմանված բնակության ցենզին։

Արձագանքելով Լոռու մարզպետի այն հայտարարությանը, թե Կարապետյանների թիմակիցները «ռեբրենդինգ եղած հանրապետականներ են»՝ Մելոյանը հակադարձել է․ «Վերափոխվածները իրենք են, թող գնան իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին, տարբեր ուժերի այդպես առնետասկզբունքով լքածներին, խորտակվող նավի էֆեկտով փնտրեն։ Մենք լրիվ նոր ուժ ենք, թարմ ուժ ենք։ Մենք մարդիկ ենք, ովքեր, մեծամասնությունը մեր թիմի, չունի քաղաքական անցյալ՝ նախորդ ուժերի ասոցացման տեսանկյունից առնվազն»։

Անդրադառնալով Սամվել և Կարեն Կարապետյանների հասցեին հնչած հայտարարություններին՝ Մելոյանը խոսել է նրանց իրականացրած ներդրումների և բարեգործական գործունեության մասին։

«Մարդկանց անուններ են տալիս, ովքեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի վրա դրական արդյունք են ունեցել իրենց աշխատածով… Մարդը իր կյանքի աշխատածը, ձեռք բերածը բերել է, ներդրել մեր ազգի, մեր պետության մեջ»,- նշել է նա։

Մելոյանը նաև մեղադրել է իշխող թիմի ներկայացուցիչներին քաղաքական ընդդիմախոսներին թիրախավորելու և անվանարկելու մեջ։

«Քանի որ իրենք բոլոր տեսանկյուններից բարոյալքված են, քաղաքական առումով սնանկ, բովանդակային առումով բացակա, իրենք ստիպված փորձում են մեզ անվանարկել։ Մի հատ նայեք կարկառուն պատգամավորներին․ ամբողջ օրը ռիլեր են նկարում․ միայն վատաբանում են դիմացինին, միայն թիրախավորում են, միայն դիմացինի արժանապատվությունն են նվաստացնում»,- ասել է նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի նոր Սահմանադրության նախագծի օգտին՝ Մելոյանը հայտարարել է․

«Ասում ենք՝ բա երբ քվեարկի ընդդիմությունը ալիևյան Սահմանադրության օգտին, արդյո՞ք Փաշինյանը հրաժարական է ներկայացնելու ու հեռանալու է։ Երբ որ մենք չքվեարկենք այդ ալիևյան Սահմանադրությանը, մենք ակնկալում ենք, որ այս անձը հեռանա իր պաշտոնից»։

Գոհար Մելոյանն անդրադարձել է նաև ընտրական օրենսգրքով սահմանված բնակության ցենզին, որի հետևանքով ընտրական ցուցակներից դուրս են մնացել նաև արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներ։

Նրա գնահատմամբ՝ այդ կարգավորումը հակասահմանադրական է և նպատակ ունի սահմանափակել քաղաքացիների ազատ կամարտահայտման հնարավորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment