Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի գործով նկատվում են դատավարական գործընթացի նպատակային ձգձգման և անձի մեկուսացման միտումներ։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 27-ին նշանակված նիստում Ռուբեն Վարդանյանին պետք է տրամադրվեր վերջին խոսքի իրավունք, սակայն նիստը նախ հետաձգվել է փաստաբանի առողջական խնդիրների պատճառով։ Դրանից հետո նշանակված հաջորդ նիստը ևս չի կայացել՝ այս անգամ, ըստ ներկայացուցչի, անհեթեթ հիմնավորմամբ․ դատարանը հայտարարել է, թե գտնվում է խորհրդակցական սենյակում։
«Եթե այս հանգամանքը իրական հետաձգման պատճառ լիներ, ապա դեկտեմբերի 27-ի նիստը ևս պետք է հետաձգվեր հենց այդ հիմքով։ Սակայն այդ օրը նիստը հետաձգվեց բոլորովին այլ պատճառաբանությամբ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուբեն Վարդանյանի գործով առկա են գործընթացի արհեստական ձգձգման միտումներ»,- ընդգծել է նա։
Ներկայացուցչի գնահատմամբ, թեև դժվար է հստակ նշել այս ձգձգումների հիմնական պատճառները, միտումն ակնհայտ է և մտահոգիչ։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է ռազմական տրիբունալի կողմից, մինչդեռ նա քաղաքացիական անձ է։ Նրա խոսքով՝ ռազմական դատարանները կոմպետենտ են այն դեպքում, երբ մեղադրյալը ռազմականացված սուբյեկտ է, և հենց այս համատեքստում Ռուբեն Վարդանյանի գործով դատարանի ընտրությունը լուրջ իրավական հարցեր է առաջացնում։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուբեն Վարդանյանի պարագայում նկատվում է մեկուսացման խորացում արտաքին աշխարհից։ Ընտանիքի միջոցով ստացված տեղեկությունների համաձայն՝ նախկինում նրան տրամադրվում էր շաբաթական մեկ հեռախոսազանգի հնարավորություն, սակայն ներկայումս այդ պարբերականությունը չի պահպանվում։
«Ի տարբերություն մյուս հայ գերիների, որոնց դեպքում զանգերը թույլատրվում են շաբաթը մեկ անգամ, Ռուբեն Վարդանյանի դեպքում անգամ շաբաթական զանգի հնարավորությունը չի պահպանվում։ Նա մեկուսացվում է, նրա դատական գործընթացը ձգձգվում է, և նա զրկվում է վերջին խոսքը արտահայտելու հնարավորությունից»,– նշել է նա։
Միևնույն ժամանակ ներկայացուցիչը հայտնել է, որ ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պարտավոր էր դեռևս 2025 թվականի նոյեմբերի 4-ին ներկայացնել տեղեկություններ այնտեղ պահվող հայերի վիճակի վերաբերյալ, սակայն կառավարությունը երկու անգամ լրացուցիչ ժամանակ է խնդրել դատարանից։ Արդյունքում անհրաժեշտ տեղեկությունները տրամադրվել են միայն 2026 թվականի հունվարի 12-ին։ Տրամադրված տվյալները վերաբերում են պահման պայմաններին, առողջական վիճակին, իրականացված բժշկական զննություններին, ինչպես նաև կցվել են խցերի և անձանց վերաբերյալ լուսանկարներ։
Ներկայացուցչի խոսքով՝ դրական զարգացում է եղել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցը՝ 2025 թվականի դեկտեմբերի 24–25-ին։ Յոթամսյա դադարից հետո իրականացված այցը եղել է մեկանգամյա, սակայն դրական հոգեբանական ազդեցություն է թողել թե՛ այնտեղ պահվող անձանց, թե՛ նրանց ընտանիքների վրա։ Այցի ընթացքում վերցվել են նամակներ և տեսագրություններ, որոնք արդեն փոխանցվել են ընտանիքի անդամներին։