Viva-ն ստացել է «Հայաստանի ամենաարագ բջջային ցանց» մրցանակը Ookla-ից

Նոյեմբերի 26-ին Viva-ն ստացել է կապի ոլորտի խելացի լուծումների համաշխարհային առաջատար Ookla®-ի Speedtest Awards™ մրցանակը՝ ճանաչվելով «Հայաստանի ամենաարագ բջջային ցանց»-ը՝ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։

Մրցանակը Երևանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանին հանձնել է Ookla ընկերության  բրենդի լիցենզավորման ծրագրի ղեկավար  Սիլվի Բալին։

«Մեզ համար մեծ պատիվ է Viva-ին շնորհել Ookla-ի Speedtest մրցանակը՝ որպես Հայաստանի ամենաարագ բջջային ցանց։ Այս հեղինակավոր մրցանակը վկայում է Viva-ի նվիրվածության և ներդրումների մասին` իր բաժանորդներին ոլորտում առաջատար բջջային կապ ապահովելու ուղղությամբ։  Չափումների մեր խիստ մեթոդաբանությունը երաշխավորում է, որ այս մրցանակը լինի Viva-ի՝ ոլորտում գրանցած ակնառու արդյունքների օբյեկտիվ վկայությունը», – մրցանակը հանձնելիս ասել է Սիլվի Բալին։

Մրցանակը շնորհվել է Speedtest Intelligence® հարթակի 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալների հիման վրա։ Ookla-ի հրապարակած պաշտոնական արդյունքների համաձայն՝ Viva-ն Հայաստանի բջջային կապի օպերատորների շարքում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Տվյալները հիմնված են նշված ժամանակահատվածում Հայաստանի տարածքում օգտատերերի կատարած ավելի քան 147 648 բջջային ցանցի թեստերի վրա՝ արտացոլելով բաժանորդների իրական փորձառությունը։

Ookla-ի Speedtest ծառայությունը վերլուծում է Speedtest.net կայքի և Speedtest բջջային հավելվածների միջոցով օգտատերերի նախաձեռնությամբ իրականացվող միլիարդավոր թեստերը՝ ամբողջ աշխարհում ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների և բջջային ցանցերի աշխատանքը գնահատելու նպատակով։

«Մեծ պատիվ ու նույնքան մեծ պատասխանատվություն է մեզ համար ստանալ «Հայաստանում ամենաարագ բջջային ցանց» մրցանակը։ Մրցանակն արձանագրում է Viva-ի հետևողական աշխատանքի արդյունքները՝ ամենաժամանակակից տեխնոլոգիական ցանցերն ու ցանցային ամենաարդիական  լուծումները Հայաստանում առաջինը ներդնելու առումով։ Միաժամանակ՝ յուրաքանչյուր մրցանակ նոր նշաձող է սահմանում․ ձգտել լինել ավելի արագ ու որակյալ, տրամադրել նորարարական թվային ծառայություններ, ձեռքը պահել շուկայի զարկերակին ու ավելի արագ արձագանքել բաժանորդների սպասումներին, ավելին՝ ձևավորել առաջարկ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Viva-ի պրոֆեսիոնալ թիմին։ Մրցանակի հիմքում հզոր թիմային աշխատանքն է ու անհատական նվիրվածությունը, տարիների կուտակած գիտելիքն ու շարունակական հետևողական աշխատանքը։ Մեր բաժանորդներն արժանի են ստանալու լավագույնը՝ մեզ ընտրելու, վստահելու, մեզ հետ մնալու, մեր անցած ճանապարհը մեզ հետ կիսելու համար։ Լավագույնն առջևում է»,- ասել Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Ookla-ի այս հեղինակավոր մրցանակն ընկերության հետևողական աշխատանքի և երկարաժամկետ ռազմավարության կարևոր գնահատականն է։ Viva-ն հետևողականորեն աշխատանք է կատարում ցանցի արդիականացման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, 5G+ ծածկույթի ընդլայնման ուղղությամբ՝ նպատակ ունենալով Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր ապահովել լավագույն կապով։ Ընկերությունում հավատում են՝ հուսալի և արագ կապը պարզապես ծառայություն չէ․ այն երկրի տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական զարգացման կարևոր նախապայմաններից է և շարունակելու է առաջ մղել նորարարությունը և ներդնել այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն Հայաստանի թվային ապագայի ձևավորմանը։

Ookla-ն՝ Accenture-ի կազմում գործող, կապի ոլորտի վերլուծության համաշխարհային առաջատար ընկերություն է։ Միավորելով Speedtest®-ի, Downdetector®-ի, Ekahau®-ի և RootMetrics®-ի վստահելի փորձագիտական կարողությունները՝ ընկերությունը տրամադրում է ցանցերի և կապի վերաբերյալ աննախադեպ խորությամբ վերլուծական տվյալներ։ Համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տվյալներն ու ոլորտում առաջատար փորձագիտությունը՝ Ookla-ն ցանցերի աշխատանքի ցուցանիշները վերածում է ռազմավարական որոշումների և գործնական քայլերի հիմք ծառայող վերլուծությունների։

Ookla-ի լուծումները ծառայություններ մատուցող ընկերություններին, ձեռնարկություններին և պետական կառույցներին ապահովում են կարևոր տվյալներով ու վերլուծություններով՝ ցանցերն օպտիմալացնելու, թվային ծառայություններից օգտվելու փորձառությունը բարելավելու և թվային անհավասարությունը նվազեցնելու համար։ Միաժամանակ Ookla-ն ավելի լսելի է դարձնում այն մարդկանց և բիզնեսների իրական փորձառությունը, որոնց աշխատանքը, ուսումնառությունն ու հաղորդակցությունը կախված են կապից։ Կապի չափումից ու վերլուծությունից մինչև ոլորտում նորարարությունների խթանում՝ Ookla-ն օգնում է աշխարհին մնալ կապի մեջ։

Leave a comment