«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերջնականապես արդարացվելուց հետո ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդմանը՝ շնորհակալություն հայտնելով իրեն վստահած և աջակցած քաղաքացիներին։ Սանասարյանը նաև քննադատել է դժվարին ժամանակներում իրենից երես թեքած նախկին ընկերներին՝ նշելով, որ նրանց համար պաշտոնն ավելի կարևոր էր, իսկ մարդկային արժեքները՝ ժամանակավոր։

Դավիթ Սանասարյանի գրառումը՝ ստորև․

«Դժվար էր, բայց ամրացրեց

Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերջնականապես արդարացվելուց հետո շատ ջերմ խոսքեր ու շնորհավորանքներ ստացա։ Դրանք գոտեպնդեցին, միաժամանակ՝ համեստացրին ու երախտագիտության մեծ պաշար ապահովեցին։
Բայց այդ ամենից առավել ինձ համար կարևոր էր վստահությունը․ հազարավոր հայրենակիցների աննահանջ վստահությունն ու համոզմունքը, որ ես ի սկզբանե չէի կարող կոռուպցիոն արարք կատարած լինել։ Այդ վստահությունը պարզապես աջակցություն չէր։ Այն մարդկանց հավատն էր, որ տարիների ընթացքում ձեռքս բռնած՝ ինձ հետ անցավ այս ճանապարհը։ Հավատը, որ ճշմարտությունը կարող է ուշանալ, բայց չի դադարում ճշմարտություն լինելուց։

Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր սկզբում կասկածեցին, գուցեև սխալվեցին, բայց հետո վերանայեցին իրենց մոտեցումն ու սատարեցին ինձ։
Կային նաև քիչ թվով մարդիկ՝ այդ թվում իմ արդեն նախկին ընկերներից, որոնք գիտեին իմ սկզբունքներն ու համոզմունքները, բայց դժվար պահին կողք քաշվեցին, թաքնվեցին, շրջանցեցին։ Ոմանք նույնիսկ հրապարակավ վստահեցնում էին, թե ԱԱԾ-ում գործ չեն կարում։ Այդ օրերին նրանց համար, պարզվեց, պաշտոնն ավելի կարևոր էր, իսկ մարդկային արժեքները՝ ժամանակավոր։ Բայց նրանք էլ իրենց ձևով ինձ ուժեղացրին․ սովորեցրին տարբերել կողքիդ կանգնողին կողքիդ երևացողից։

Իսկ այս գործը պատվիրողների, սարքողների ու իրականացնողների հասցեին թթու խոսք անգամ չունեմ։ Մարդկային դատարանն իր խոսքն ասաց։ Մնացածի դատավորը Աստվածն է։ Թող Նա ների նրանց պետության դեմ գործած մեղքերի համար։
Դժվար էր։ Բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին։ Սովորեցրին, որ անարդարությունը կարող է երկար տևել, բայց մարդու ներսում ճշմարտության հանդեպ հավատը կարող է ավելի երկար ապրել։

Դժվար ժամանակներն առջևում են. պինդ մնացեք։
Սիրում եմ բոլորիդ»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին՝ քրեական հետապնդման մեկնարկից շուրջ 7,5 տարի անց, Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց։ Ինչպես հայտնել էր Factor TV-ն, Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել Սանասարյանի արդարացման դատավճռի դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը։

2025 թվականի մայիսին առաջին ատյանի դատարանը Սանասարյանին արդարացրել էր հանցակազմի բացակայության հիմքով, իսկ 2026 թվականի հուլիսին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ էր թողել արդարացման դատավճիռը։

Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՊՎԾ պետի պաշտոնում լիազորությունները չարաշահելու համար։ Նա չէր ընդունում մեղադրանքը՝ պնդելով, որ իր նկատմամբ հաշվեհարդար են տեսնում։ Քրեական գործը հարուցվել էր ԱԱԾ-ում՝ Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ժամանակ։

Leave a comment