Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխի խոսքով՝ արմավը համարվում է սուպերսնունդ՝ իր բարձր սննդարար նյութերի, մասնավորապես՝ կալիումի և մագնեզիումի պարունակության շնորհիվ: Այս միկրոէլեմենտները հատկապես օգտակար են սրտի և արյան անոթների համար: Արմավը երբեմն անվանում են սրտի սնունդ:
«Մագնեզիումը ազդում է բջիջներում էներգիայի նյութափոխանակության վրա և կարևոր դեր է խաղում սպիտակուցների սինթեզի մեջ. սա անհրաժեշտ է հյուսվածքների աճի և վերականգնման համար», – բացատրել է բժիշկը:
Արմավում պարունակվող B6 վիտամինը մասնակցում է ամինաթթուների սինթեզին և սերոտոնինի, նորեպինեֆրինի և դոպամինի արտադրությանը, որոնք ազդում են տրամադրության, քնի և ախորժակի վրա:
Արմավը հարուստ է մանրաթելով, որը օգնում է կարգավորել աղիքների աշխատանքը՝ խթանելով պերիստալտիկան: Այն նաև օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը:
Արմավը չպետք է չափից շատ օգտագործել, քանի որ այն շատ կալորիական է և կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը: Մասնագետը խորհուրդ է տալիս օրական 3-4 արմավ ուտել, ցանկալի է՝ առավոտյան:
Կալիումի մասին ավելին.
Կարգավորում է հեղուկի մակարդակը: Կալիումը օգնում է կարգավորել ջրի մակարդակը բջիջներում և հյուսվածքներում, ինչը հատկապես կարևոր է սրտի և երիկամների պատշաճ գործունեության համար:
Պահպանում է սրտի առողջությունը։ Կալիումի բավարար մակարդակը նվազեցնում է բարձր արյան ճնշման և սրտանոթային հիվանդությունների ռիսկը։
Բարելավում է մկանների գործառույթը։ Կալիումը կարևոր է մկանների նորմալ կծկման և մկանների առողջության պահպանման համար։ Այն օգնում է կանխել մկանային ջղաձգությունները։
Կալիումը օգնում է ամրացնել ոսկորները և նվազեցնել օստեոպորոզի ռիսկը։ Այն օգնում է կլանել կալցիումը, որը ոսկորների հիմնական շինանյութն է։
Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն օգնում է բարելավել բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ և կարող է օգտակար լինել շաքարախտով հիվանդների համար։
Պահպանում է երիկամների առողջությունը։ Այն կարող է նաև օգնել նվազեցնել երիկամների քարերի առաջացման ռիսկը։
Արմավից բացի, կալիումով հարուստ են բանանը, կարտոֆիլը, ավոկադոն, սպանախը, ընկույզը և կաթը։