ԱՊՀ անդամ պետությունները արձանագրել են Իրանի հետաքրքրությունը համագործակցելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստից հետո, որին մասնակցել են անդամ պետությունների փոխվարչապետները։
«Նեղ կազմով նիստի ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք այն աճող հետաքրքրության շուրջ, որը հարևան երկրները ցուցաբերում են Անկախ Պետությունների Համագործակցության աշխատանքի նկատմամբ։ Մասնավորապես, մենք նշեցինք Իրանի Իսլամական Հանրապետության կողմից արտահայտված հետաքրքրությունը», – ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նոր՝ «ԱՊՀ+» ձևաչափի հնարավոր ձևավորմանը։ Անդամ պետությունների փոխվարչապետները մտքեր են փոխանակել այն մասին, թե ինչպես այս ձևաչափը լցնել այնպիսի բովանդակությամբ, որը ԱՊՀ-ն ավելի գրավիչ կդարձնի Համագործակցության անմիջական հարևանների համար։
Ավելի վաղ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել էր, որ Իրանը կարող է դառնալ առաջին պետությունը, որը կարգավիճակ կստանա «ԱՊՀ+» ձևաչափի շրջանակներում։ Այս հարցը քննարկման փուլում է։
Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) հիմնադրվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարների կողմից Բելովեժյան համաձայնագրերի ստորագրումից հետո։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում համաձայնագրին միացան նախկին խորհրդային ևս ութ հանրապետություններ՝ այդ թվում Հայաստանը՝ ձևավորելով ԱՊՀ-ն։ Համագործակցության գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը անվտանգության ոլորտում։ ԱՊՀ գործադիր կոմիտեի կենտրոնակայանը գտնվում է Մինսկում։