Եվրամիությունը մտադիր է տասնյակ միլիարդավոր եվրո լրացուցիչ միջոցներ հատկացնել իր ռազմական ներուժի ամրապնդմանը՝ պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ից ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերելու նպատակով։ Այս մասին, հղում անելով խնդրին ծանոթ աղբյուրներին, հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ ԵՄ-ն պատրաստվում է տասնյակ միլիարդավոր եվրո հատկացնել վարկերի և դրամաշնորհների տեսքով՝ ամերիկյան ռազմական միջոցները փոխարինելու համար, քանի որ Եվրոպան ցանկանում է նվազեցնել Վաշինգտոնից իր կախվածությունը։ Խոսքը լայնածավալ ռազմական հակամարտություն վարելու համար անհրաժեշտ տեխնիկական և նյութատեխնիկական ապահովման կարողությունների մասին է։
Ֆինանսավորման ծավալը դեռ հստակեցված չէ։ Ծրագրի վերջնական ձևաչափը կորոշվի դրա մշակողների՝ ԵՄ անդամ երկրների և ՆԱՏՕ-ի հետ քննարկումներից հետո։ Բացի այդ, հաշվի կառնվի, թե ամերիկյան որ ուժերը կմնան Եվրոպայում, և որոնք դուրս կբերվեն այնտեղից։
Գործակալության աղբյուրները հստակեցրել են, որ նոր ծրագիրը կսկսի գործել 2027 թվականի երկրորդ կեսից։ Դրա ֆինանսավորումը, ի թիվս այլ աղբյուրների, կտրամադրվի նաև ԵՄ 2028-2034 թվականների երկարաժամկետ բյուջեից՝ Բազմամյա ֆինանսական շրջանակից (Multiannual Financial Framework, MFF)։
Այս նախաձեռնությունը կփոխարինի ԵՄ-ի պաշտպանական նպատակներով նախատեսված SAFE (Security Action for Europe) ֆինանսական մեխանիզմին, որի բյուջեն կազմում է 150 միլիարդ եվրո։ Այն նախատեսված էր ԵՄ պաշտպանական մի շարք կարիքների բավարարման համար՝ մինչև երկարաժամկետ բյուջեի ուժի մեջ մտնելը։ Սակայն, Bloomberg-ի տվյալներով, SAFE ծրագրով նախատեսված երկարաժամկետ վարկային միջոցներից 21 միլիարդ եվրոն այդպես էլ պահանջարկ չի ունեցել։
Սպասվում էր, որ ԵՄ նոր բյուջեում պաշտպանության ոլորտին կհատկացվի 130 միլիարդ եվրո, որի կեսը նախատեսվում էր ուղղել ռազմավարական կարողությունների զարգացմանը։
Ավելի վաղ ԵՄ-ում առանձնացրել էին համատեղ պաշտպանական ֆինանսավորման առաջնահերթ ուղղությունները՝ հակահրթիռային և հակաօդային պաշտպանություն, հետախուզություն, հսկողություն և դիտարկում։ Սակայն, Bloomberg-ի տեղեկություններով, մինչ այժմ Եվրամիության երկրներին այդ ուղղություններով էական արդյունքների հասնել չի հաջողվել՝ բավարար ֆինանսավորման բացակայության պատճառով։