ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին

Քաղաքականություն

27.11.2026 | 18:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8 համայնքապետ դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի դեմ։  Factor TV-ն այս մասին տեղեկանում է «Դատալեքս»-ից։

Հայցվորներն են՝

  • Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը,
  • Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը,
  • Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը,
  • Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը,
  • Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը,
  • Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը,
  • Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը,
  • Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին՝ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի օրը, Իրինա Յոլյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համայնքապետերը ընկերություններ են հիմնել և պետական բյուջեի միջոցներն օգտագործում են «անորակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, քննադատելով ընդդիմության պահվածքը խորհրդարանում, նշել էր, որ Յոլյանը փորձել է արդարացնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը՝ իշխանությանը մեղադրելով համակարգային խնդիրների մեջ։

«Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան և պահանջել Ուժեղ Հայաստանի պատգամավորից հերքել հնչեցված կեղծ տեղեկությունները` պահանջելով առավելագույն փոխհատուցում։

Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի»։

Խուդաթյանի այս կոչից հետո ՔՊ-ական համայնքապետերը սկսել էին մեկը մյուսի հետևից հայցեր ներկայացնել դատարան։

Նոյեմբերի 19-ին Իրինա Յոլյանն ԱԺ-ում անդրադարձել էր իր դեմ ներկայացված հայցերին՝ դիմելով նախարարին․ «Ինչպես կասեր երբեմնի Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․ «Պարո՛ն նախարար, դուք կոռումպացված Կառավարության նշանակված անձ եք, ես՝ ընտրված պատգամավոր, և այսուհետ չփորձե՛ք շանտաժի լեզվով խոսել ինձ հետ»»։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment