Բավարարվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի գույքի բռնագանձման գործը վերսկսելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը վերսկսել է նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը։

Դատավոր Ռուդոլֆ Ավագյանը բավարարել է Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, հայտնում է Factor.am-ը:

Գույքի բռնագանձման պահանջով Գլխավոր դատախազությունը դատարան է դիմել դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Քաղաքացիական գործով պատասխանողներ են Աղվան Հովսեփյանը, Աստղիկ Հովսեփյանը, Նարեկ Հովսեփյանը, Միսակ Հովսեփյանը, Նորա Բարսեղյանը, Արմեն Հովսեփյանը, Մարինա Նուշիկյանը, Էդգար Նազարյանը, Նառա Շահբազյանը և «Օմիռա» ՍՊԸ-ն։

2025 թվականի փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանը դատախազության միջնորդության հիման վրա որոշել է կասեցնել քաղաքացիական գործի վարույթը՝ մինչև Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Մի շարք գույքերի ենթադրյալ ապօրինի ծագման վերաբերյալ դատախազության եզրակացությունների հիմքում դրվել են նախկին գլխավոր դատախազին առաջադրված մեղադրանքները և քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցները։

2026 թվականի հոկտեմբերի 7-ին, սակայն, դատախազությունը դիմել է դատարան՝ վարույթը վերսկսելու միջնորդությամբ։ Որպես հիմնավորում՝ իրավապահ մարմինը վկայակոչել է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների որոշումները։

Դատախազության մեկնաբանմամբ՝ այդ դատական ակտերից հետևում է, որ գույքի ձեռքբերման և ենթադրյալ հանցավոր վարքագծի միջև առկա կապը հնարավոր և անհրաժեշտ է ուսումնասիրել քաղաքացիական դատավարության շրջանակում՝ առանց քրեական գործով վերջնական դատական ակտին սպասելու։

Հակակոռուպցիոն դատարանն արձանագրել է, որ գործի վարույթի կասեցման համար նախկինում առկա հիմքն այլևս գոյություն չունի։ Ըստ այդմ՝ բռնագանձման հայցի քննությունը կարող է շարունակվել՝ անկախ քրեական գործով հետագա զարգացումներից և քննության արդյունքներից։

Դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 27-ին դատարանը մի շարք անշարժ գույքերի նկատմամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու որոշում է կայացրել։

Սահմանափակումները տարածվել են Երևանի Սարյան փողոցում տեղակայված բնակարանների, բնակելի տան և ավտոտնակների, Կոտայքի մարզի Զորավան գյուղում և Եղվարդ քաղաքում, Արագածոտնի մարզի Արտաշավան ու Արագածավան գյուղերում, Սյունիքի մարզի Լիճք գյուղում գտնվող հողամասերի, ինչպես նաև Լոռու մարզի Պուշկինո գյուղում գտնվող բնակելի տան նկատմամբ։

Հայցի ապահովման միջոցների շրջանակում դատարանն արգելել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը Նորա Բարսեղյանի կողմից որպես գրավ վճարված մոտ 48․8 միլիոն դրամից վերադարձնել 46․9 միլիոն դրամը։

Գույքային ձեռքբերումների ուսումնասիրության շրջանակում Գլխավոր դատախազությունը որպես ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող առաջին գույքի ձեռքբերման ժամանակահատվածի մեկնարկ սահմանել է 1998 թվականի հունվարի 1-ը։

Դատախազության պնդմամբ՝ նշված ամսաթվից հետո Աղվան Հովսեփյանը և նրա հետ փոխկապակցված անձինք բազմաթիվ գույքային ձեռքբերումներ են կատարել, որոնք չեն հիմնավորվում նրանց օրինական եկամուտներով։

Leave a comment