Անվտանգություն և տարանցում. Հարավային Կովկասում ՌԴ-ի և Չինաստանի շահերը տարբեր են

https://arm.sputniknews.ru/20261127/anvtangutjun-ev-tarancum-haravajin-kvovkasum-rd-i-ev-chinastani-shahery-tarber-en-109827323.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109820701_0:0:1250:938_1920x0_80_0_0_b6cd26bbcaf0f85e6e4eb8950e69901f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հարավային կովկաս, չինաստան, ռուսաստան, հայաստան

հարավային կովկաս, չինաստան, ռուսաստան, հայաստան

Բաժանորդագրվել

Փորձագետի կարծիքով՝ չնայած Հարավային Կովկասի նկատմամբ Մոսկվայի և Պեկինի մոտեցումների տարբերություններին, տարածաշրջանում ռուսական և չինական նախագծերը չեն հակասում, այլ լրացնում են միմյանց և համապատասխանում են երկու երկրների շահերին։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է առաջին հերթին ռազմավարական շահերի տեսանկյունից, մինչդեռ Չինաստանը շահագրգռված է առավելապես տարածաշրջանի տարանցիկ ներուժի հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին հանուն խաղաղության և կայունության» միջազգային կլոր սեղանի ժամանակ։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը խոցելի ուղղություն է մնում Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան ձգտում է նախևառաջ չեզոքացնել իր անվտանգությանն ուղղված հնարավոր սպառնալիքները։

«Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում նոր ռազմական հակամարտությունների կանխման հարցում»,-ընդգծել է փորձագետը։

Կռիլովի գնահատմամբ՝ տարածաշրջանում հակամարտությունների պատճառները թաքնված են ոչ թե ժողովուրդների պատմական թշնամանքի, այլ ընդհանուր պետականության բազմակի փլուզումների և իշխանության ու տարածքների համար դրան հաջորդած պայքարի մեջ, որն ազգամիջյան բախումների ձև է ստացել։ Ընդ որում, ռազմական գործողությունների դադարեցումն ինքնին կայուն խաղաղության հաստատում չի երաշխավորում։ Կայունության պահպանումը մշտական ջանքեր է պահանջում նաև զինված հակամարտությունների ավարտից հետո։

Փորձագետը նշել է, որ ռուսական դիվանագիտությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ հարաբերություններում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր գործընկերոջ առանձնահատկությունները։ Նմանատիպ քաղաքականություն է վարում նաև Չինաստանը, որը հարաբերություններ է կառուցում տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ հեռավորություն պահպանելով տեղական հակամարտություններից։

Կովկասից Չինաստանի աշխարհագրական հեռավորության պատճառով տարածաշրջանային անվտանգության հարցերը Պեկինի համար ավելի փոքր նշանակություն ունեն։ ՉԺՀ-ի հիմնական հետաքրքրությունը կապված է Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի հետ՝ որպես Ասիայի և Եվրոպայի միջև կապող օղակի։

«Ուստի տարածաշրջանի պետությունների կշիռը չափվում է նախևառաջ նրանց տարածքով անցնող բեռնահոսքի ծավալով»,- ասել է Կռիլովը։

Ընդ որում, և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը հանդես են գալիս տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին և դեմ են տրանսպորտային ենթակառուցվածքները քաղաքական դիմակայության գործիքի վերածելուն։ Փորձագետի կարծիքով՝ տրանսպորտային կապերի զարգացումը պետք է հիմնված լինի փոխշահավետ պայմանավորվածությունների և ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ հարևան Իրանի ու Թուրքիայի ինքնիշխանությունը հարգելու վրա։

Կռիլովն ուշադրություն է հրավիրել նաև հանրության միասնական ճակատագրի չինական հայեցակարգի վրա, որը ենթադրում է միջազգային հարաբերություններում առճակատման մտածելակերպից հրաժարում։

Փորձագետի կարծիքով՝ չնայած Մոսկվայի և Պեկինի մոտեցումների տարբերություններին՝ Հարավային Կովկասում նրանց նախագծերը չեն մրցակցում, այլ լրացնում են միմյանց։ Այս համատեքստում նա նշել է «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքների կապը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի և Մեծ եվրասիական գործընկերության ռուսական հայեցակարգի հետ։

Միևնույն ժամանակ Հարավային Կովկասը դառնում է ավելի ու ավելի մեծ թվով միջազգային խաղացողների շահերի հատման գոտի, ինչը բարդացնում է տարածաշրջանային կայունության ապահովումը։ Տարածաշրջանը սեփական աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու ԱՄՆ-ի և Եվրամիության ձգտումը, Կռիլովի խոսքով, լրացուցիչ ռիսկեր է ստեղծում։ Բացի այդ, աճում է Իսրայելի, Հնդկաստանի, Պակիստանի և Իրանի ներգրավվածությունը, որոնցից յուրաքանչյուրն իր շահերն ու հակասություններն ունի մյուս խաղացողների հետ։

«Սա մեծացնում է իրավիճակի քաոսային դառնալու հավանականությունը՝ մերձավորարևելյան սցենարով»,-նախազգուշացրել է փորձագետը։

Այս պայմաններում Մոսկվայի և Պեկինի ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին և միաժամանակ կայուն զարգացման հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի պետությունների առջև։

Տարածաշրջանի ապագան, Կռիլովի կարծիքով, մեծապես կախված է նրա երկրների ղեկավարության՝ ուրիշի աշխարհաքաղաքական դիմակայությունների մեջ ներքաշվելուց խուսափելու, նոր հակամարտությունները կանխելու և առկա ներուժն արդիականացման և տնտեսական աճի համար օգտագործելու կարողությունից։

Կլոր սեղանը կազմակերպել են Երևանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատները, Հայ-ռուսական համալսարանը և ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։

Leave a comment