«Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը պարզաբանում է տարածել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված «Մոնթե» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ինքնաձիգներով պարի վերաբերյալ, որը քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կինոթատրոնը պատրաստակամություն է հայտնել հետագայում «նման դեպքերում ավելի հետևողական լինել»:
Տարածված հայտարարության համաձայն՝ կինոթատրոնի ղեկավարությունը որևէ մասնակցություն չի ունեցել երաժշտական և պարային ներկայացման մշակման, կազմակերպման և իրականացման գործընթացներին։
«Ինչպես մյուս բոլոր ֆիլմերի պրեմիերաների դեպքում, այնպես էլ տվյալ դեպքում ԿինոՄոսկվան գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա ֆիլմարտադրողին, մասնավորապես՝ «Գենետիկ Փրոդաքշըն» ՍՊ ընկերությանը, տրամադրել է ֆիլմի պրեմիերայի անցկացման հարթակ։
Պրեմիերայի գեղարվեստական ձևավորումը, երաժշտական և պարային բեմադրությունների ընտրությունը, դրանց բովանդակությունը, ինչպես նաև օգտագործված բեմադրական ատրիբուտները բացառապես ֆիլմի պրեմիերայի կազմակերպիչների իրավասության տիրույթում են և դուրս են «ԿինոՄոսկվա» կինոթատրոնի պայմանագրային իրավասությունների շրջանակից։
ԿինոՄոսկվան չի մասնակցել հիշյալ բեմադրության մշակմանը, կազմակերպմանը կամ իրականացմանը։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով սույն թվականի նոյեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ Վարչապետի կողմից հնչեցված նկատառումները, պատրաստակամ ենք հետագայում համանման իրավիճակներում առավել հետևողականություն դրսևորել»,-ասվում է կինոթատրոնի հայտարարության մեջ:
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով բեմադրված պարին, ասել է․ «Ավելի աբսուրդ տեսարան ուղղակի դժվար է պատկերացնել։ … Էդ ովքե՞ր են էդ մարդիկ, որ «Մոսկվա» կինոթատրոնի կռիշների վրա ավտոմատներով պարում են, իրենց ո՞վ էր թույլ տվել»:
Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին՝ Ավոյին նվիրված ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ նրա ծննդյան օրը։