Արեգ Քոչինյան․ Հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը նպատակ ունի անցյալի հակամարտության, թշնամանքի և ատելության կողքին ձևավորել նոր իրողություններ՝ միտված խաղաղ ապագային։

Քոչինյանը շեշտել է, որ նախաձեռնությունը երկու երկրների քաղաքացիական հասարակությունների հաղորդակցության հարթակ է, որը չի կարելի նույնացնել բանակցային գործընթացի հետ, հայտնում է Արմենպրեսը:

«Սա, այնուամենայնիվ, երկու քաղաքացիական հասարակությունների միջև տարվող երկխոսություն է։ Սրանք բանակցություններ չեն, ուստի մենք չենք կարող խոսել ինչ-որ շոշափելի, զգալի արդյունքների մասին, որոնք կարելի է հաշվել և ցույց տալ հասարակությանը։ Այս երկխոսության միջոցով մենք փորձում ենք ոչ թե հաղթահարել այն, ինչ ստեղծվել է հակամարտության, թշնամանքի ու ատելության տասնամյակների ընթացքում, այլ անցյալի կողքին ստեղծել ինչ-որ նոր բնականոն վիճակ, նոր իրողություններ, նոր պատմություն»,- ասել է Քոչինյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախաձեռնության շրջանակում իրականացվող քննարկումների նպատակը ոչ թե պատմության վերանայումն ու անցյալի մոռացումն է, այլ ապագային ուղղված համագործակցության նոր օրակարգի ստեղծումը։

«Այստեղ ոչ ոք չի խոսում մոռացության, անցյալի փոփոխության, պատմության փոփոխության մասին։ Այստեղ մենք քննարկում ենք խաղաղ գործերի թղթապանակը, նոր գործերի թղթապանակը, որոնք ուղղված են ապագային, այնպիսի իրողությունների ստեղծմանը, որոնցում մեր երկու հասարակությունները կկարողանան հարևանների պես ապրել խաղաղության և համերաշխության պայմաններում»,- նշել է նա։

Ներկայացնելով հանդիպման ընթացքում քննարկված թեմաները՝ Քոչինյանը հայտնել է, որ օրակարգն ընդգրկել է հարցերի լայն շրջանակ։ Մասնակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա ապրիլին կայացած նախորդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին, երկու երկրների հասարակություններին մտահոգող հարցերին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստած գործընթացներին։

Հայկական կողմի համակարգողը նաև տեղեկացրել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հետ կայացած հանդիպման մասին։ Նրա փոխանցմամբ՝ հանդիպումն ավելի երկար է տևել, քան նախապես ծրագրվել է, քանի որ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են ուղղել ԱԽ քարտուղարին և ստացել դրանց պատասխանները։

Քոչինյանը հավելել է, որ նախաձեռնության շրջանակում հետագա աշխատանքներն իրականացվելու են թեմատիկ հանձնաժողովներում։

Նախաձեռնության հինգերորդ հանդիպման առանձնահատկություններից մեկը վեց թեմատիկ հանձնաժողովների գործունեությունն է։ Դրանց աշխատանքն ընդգրկելու է բնապահպանական, տնտեսական, ենթակառուցվածքային, հումանիտար և մեդիայի ոլորտներին վերաբերող հարցեր։

Հանձնաժողովների կազմում ներգրավված մասնագետները կքննարկեն հետագա աշխատանքի ուղղությունները, Հայաստանի և Ադրբեջանի պետական կառույցներին ուղղվելիք առաջարկները, ինչպես նաև առկա տարաձայնությունների հաղթահարմանը նպաստող հնարավոր գործնական քայլերը։

Leave a comment