Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նոյեմբերի 30-ին ԱՄՆ-ում կհանդիպի Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ խոսնակ, կոնտրադմիրալ Զեքի Աքթուրքը, գրում է Turkiye today-ը։
Անկարան ակտիվացնում է ջանքերը՝ Վաշինգտոնի հետ ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ երկարատև վեճը կարգավորելու ուղղությամբ։ Այցը տեղի կունենա դեկտեմբերի կեսերին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումից առաջ։
Անկարան հնարավորություն է տեսնում այնպիսի լուծում գտնել, որը Թրամփի վարչակազմին թույլ կտա հաստատել, որ այն համապատասխանում է ԱՄՆ օրենսդրությանը՝ նախքան հունվարին դեմոկրատների կողմից Կոնգրեսի վերահսկողությունը ստանձնելը։ Այս մասին շաբաթվա սկզբին հայտարարել էր Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։
«Դեմոկրատ կոնգրեսականները կարող են ավելի թերահավատորեն վերաբերվել Թուրքիայի՝ F-35 ծրագրին վերադառնալուն»,- ասել է նա։
Թուրք պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը C-400 համակարգերի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց են գրանցել՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
Անկարան ուսումնասիրել է այնպիսի տարբերակներ, որոնք կարող են այդ համակարգերը դարձնել անգործունակ կամ դրանք դուրս բերել Թուրքիայի վերահսկողությունից։ Սակայն պարզ չէ՝ արդյո՞ք այս տարբերակներից որևէ մեկը կհամապատասխանի ԱՄՆ օրենսդրությանը, որն արգելում է F-35 կործանիչների փոխանցումը, քանի դեռ Թուրքիան տիրապետում է C-400 համակարգերին։
Հիշեցնենք, որ Թուրքիան F-35 կործանիչների ծրագրից հեռացվել է 2019 թվականին՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումն ստանալուց հետո։ ԱՄՆ-ի մտահոգությունն այն էր, որ այդ համակարգը կարող է վտանգել կործանիչների տեխնոլոգիական տվյալների անվտանգությունը։ Թուրքիան ծրագրին միացել էր 2002 թվականին, իսկ թուրքական պաշտպանական ընկերությունները դրա արտադրական և մատակարարման շղթայում ընդգրկվել էին 2003 թվականին։ Անկարան ծրագրի շրջանակում վճարել է 1,4 միլիարդ դոլար։
Վաշինգտոնը Թուրքիային ծրագրից հեռացրել է 2019 թվականին՝ ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումից հետո, և դադարեցրել կործանիչների մատակարարումը Թուրքիային։
Ծրագրին հնարավոր վերադարձի առաջին ազդակները հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ունեցած շփումներից հետո։ Այս ամիս Գյուլերը խորհրդարանի բյուջետային հանձնաժողովին հայտնել էր, որ Թուրքիան շարունակում է Վաշինգտոնից պահանջել իրեն փոխանցել վեց F-35 կործանիչները և չեղարկել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում սահմանված պատժամիջոցները։ Նա նաև նշել է, որ F-16 Block 70 կործանիչների ձեռքբերման գործընթացը շարունակվում է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի