Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է երկու երեխաների մահվան դեպք, կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը հինգ երեխաների առողջական ծանր վիճակի մասին, և չնայած նախազգուշացումներին՝ երեխաները բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել»: Այս հաղորդումը Գլխավոր դատախազություն է ուղարկվել նոյեմբերի 4-ին, դիմումատուն խնդրել է պարզել մահվան հանգամանքները։

Աննա Վարդապետյանին հասցեագրված հաղորդումը և բարձրացված խնդիրները ստուգելու նպատակով դատախազությունը այն ուղարկել է Ներքին գործերի նախարարություն, որտեղ էլ ստուգման արդյունքում որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

«Ստուգման արդյունքում պարզվել է, որ 26 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող Խարբերդի մասնագիտացված մանկատուն ՊՈԱԿ-ից Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը։ Արարատի մարզի քննչական վարչությունում 26 թվականի նոյեմբերի 23-ին նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշում է Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Քրեական վարույթը նախաձեռնվել է «Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամել, կամ ինքն է նրան դրել կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում, եթե կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու դիտավորություն չի ունեցել» հոդվածի հատկանիշներով։ Ներկայացված հաղորդման մյուս մասը, թե առողջական ծանր վիճակում գտնվող երեխաներին բուժօգնություն ժամանակին չի տրամադրվել, Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից հերքում են․ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ը հենց նրանց ենթակայության տակ է գտնվում։

«Կենտրոնում գործում է 24-ժամյա բուժծառայություն՝ հերթապահ բժիշկների, բուժքույրերի միջոցով, ովքեր իրականացնում են և կազմակերպում պատշաճ բժշկական օգնության տրամադրումը, ինչպես տեղում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում պացիենտին հոսպիտալացնելիս։ Հոդվածում նշված երկու անձանց պարագայում բուժանձնակազմը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները տեղում, այնուհետ նույն օրը տեղափոխվել է բժշկական կենտրոն, և մահը հենց բժշկական կենտրոնում է արձանագրվել»,- հայտնում է նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։ 

Նախարարությունը կտրուկ հերքում է լուրերը, տարվա 11 ամիսների ընթացքում «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ավելի շատ մահեր են արձանագրվել, բայց գաղտնի են պահվել։ 

«Այս երկու դեպքերն են եղել ապրիլին, և մեկ դեպք մենք ունեցել ենք օգոստոսին, պացիենտը քաղցկեղային հիվանդություն է ունեցել և վերջին մեկ ամիսը անցկացրել է ուռուցքաբանության կենտրոնում, չորրորդ փուլում գտնվող քաղցկեղ է ունեցել, և մահը վրա է հասել հենց այս հիվանդությամբ պատճառով»,- մանրամասնում է Կոստանյանը։

2025 թվականին երեխաների շուրջօրյա խնամքի կենտրոններում մահացել է 7 երեխա՝ մինչև 1 տարեկան՝ 3 և 1-6 տարեկան՝ 4 երեխա։ Թեև բոլորի մահվան դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն, դրանց արդյունքները հրապարակային չեն ներկայացվում, չի նշվում նաև, թե արդյոք կենտրոններից որևէ մեկի աշխատակից պատասխանատվության ենթարկվել է այն կամ այն թերացման համար։

«Արդյո՞ք այն մարդիկ, որոնք մահանում են, իրենց ուղեկցող հիվանդությունները ժամանակին բացահայտվել են, կանխարգելման ուղղությամբ ջանքեր է գործադրել պետությունը, և ժամանակին անձինք ստացել են պատշաճ և որակյալ բուժօգնություն: Այսինքն՝ մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր պետության բացառիկ կախվածության ներքո են գտնվում: Եվ մեզ հայտնի չէ, օրինակ, դեպքեր, երբ մահվան պատճառը չի եղել բնական և որևէ մեկը պատասխանատվության է ենթարկվել այդ մահվան համար։ Մինչդեռ հասկանալի է, որ չի կարող նման բան լինել, որ ընդհանրապես միշտ միայն բնական մահով մարդիկ մահանան»,- հարցեր է բարձրաձայնում «Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հաճախ երեխաների խնամքի կենտրոններում, որտեղ կան նաև հաշմանդամություն ունեցող անձինք, մահվան դեպքերը նորմալիզացվում են, ընդգծելով թե՝ անձն առողջական խնդիրներ ուներ։

«Հաշմանդամությունը դեռ չի նշանակում, որ կյանքին վտանգ է սպառնում, այսինքն՝ դա հեչ կապ չունի, և զուտ դրանք մեր կարծրատիպերն են: Այո, այնտեղ մարդիկ կան, որ հաշմանդամություն ունեն, այո, այնտեղ մարդիկ կան, որ, օրինակ, չգիտեմ, թթվածնային քաղց ունեն, այլ առողջությանը վնաս հասցնող վիճակներ ունեն, որոնք ժամանակի ընթացքում վատթարանում են, բայց յուրաքանչյուր դեպք առանձին գնահատման կարիք ունի»,- ընդգծում է Հովսեփյանը:

2024 թվականին ՄԻԵԴ-ը ընդդեմ Հունգարիայի վճիռ էր կայացրել խնամքի հաստատությունում հաշմանդամություն ունեցող երիտասարդի մահվան դեպքով, որտեղ դատարանը ոչ միայն ուշադրություն էր դարձրել մահվանը հանգեցրած հիմնական պատճառին, այլև նրան, թե ինչ գործոններ են նպաստել մահվանը՝ արձանագրելով կյանքի իրավունքի խախտում։ Հովսեփյանն այս վճիռը մատնանշելով ընդգծում է՝ լավ կլիներ, որ ՀՀ-ում ևս դատարաննը քննության առարկա դարձնեին այդ հարցը։

«Մարդու՝ դրսում մահանալու նկատմամբ պետության պատասխանատվությունը նույնը չէ, ինչ մարդու, ով բացառապես պետության կախվածության ներքո է: Այդ մարդիկ այն տարրական կենսական իրավունքները ինքնուրույն չեն կարող իրացնել, որովհետև պետությունը արգելել է դա անել: Այդ մարդիկ դեղորայքի հասանելիություն չունեն, չեն կարող գնալ իրենց դեղը ինքնուրույն առնել, նույնիսկ եթե դրսում մարդը կարող է դա անել: Չեն կարող որոշել՝ ինչ ուտեն այդ օրը, որովհետև դա որոշում է պետությունը: Չեն կարող որոշել՝ երբ քնեն, երբ արթնանան, դա որոշում է պետությունը: Չեն կարող որոշել՝ երբ լողանան: Ամբողջը պետությունն է որոշում: Եվ այդքան որոշումը պետությունը լիազորել է ինքն իրեն, բայց չի ուզում հասկանալ, թե ինչու են այդ մարդիկ մահանում»:

Իսկ ի՞նչ ցույց կտա այս անգամ մահվան դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների քննությունը, արդյո՞ք դրանցով պատշաճ քննություն կիրականացվեն, որևէ անձ կենթարկվի՞ պատասխանատվության, այս հարցերը դեռևս անորոշ են, սակայն ուշադրության է արժանի մեկ հանգամանք՝ ինչո՞ւ է ապրիլին արձանագրված մահվան դեպքերով վարույթը նախաձեռնվել նոյեմբերի 23-ին՝ ընդամենը 3 օր առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

 

 

 

Leave a comment