Քաղաքականություն
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին՝ այն բանից հետո, երբ հոկտեմբերին ուսանողների գլխավորած բողոքի շարժումը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է նորընտիր խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Չուպիչը, գրում է Reuters-ը։
«Կոչ եմ անում Սերբիայի բոլոր քաղաքացիներին՝ պատասխանատվություն դրսևորել և դեկտեմբերի 27-ին գնալ քվեարկության»,- ասել է Չուպիչն ընտրությունների օրը սահմանող փաստաթուղթը ստորագրելուց հետո։
Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը սեպտեմբերի 27-ին հրաժարական էր տվել՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում վարչապետի պաշտոնի համար պայքարելու նպատակով։ Սակայն նա ջախջախիչ պարտություն է կրել կոռուպցիայի դեմ պայքարող ուսանողական բողոքի շարժման առաջադրած թեկնածուներից։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Սերբիայում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում և օժտված է համեմատաբար սահմանափակ պաշտոնական իրավասություններով, մինչդեռ գործադիր իշխանությունը հիմնականում պատկանում է կառավարությանը և վարչապետին։
Քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո նախագահն առաջադրում է վարչապետի թեկնածուին։ Նախագահը նաև նշանակում և ազատում է զինված ուժերի գլխավոր հրամանատարներին, ինչպես նաև կառավարության առաջարկով կարող է արձակել խորհրդարանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի