Եվրոպական խորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Եվրախորհրդարանի լիագումար նիստում «Պաատա Բուրչուլաձեի գործը և քաղբանտարկյալները «Վրացական երազանք» ռեժիմի պայմաններում» խորագրով բանաձևին կողմ է քվեարկել 441 պատգամավոր, դեմ՝ 47-ը, իսկ 86 եվրապատգամավոր ձեռնպահ է մնացել, գրում է Sova news-ը։
Բանաձևի համաձայն՝ Եվրախորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին՝ պահպանել համակարգված արձագանքը և կրկին պահանջում է նպատակային պատժամիջոցներ ու վիզային սահմանափակումներ կիրառել մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի, Շալվա Պապուաշվիլիի, Կախա Կալաձեի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև դատավորների, դատախազների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ»։
Եվրախորհրդարանը «վճռականորեն դատապարտում է Պաատա Բուրչուլաձեի, Իրակլի Նադիրաձեի և Պաատա Մանջգալաձեի նկատմամբ կայացված դատավճիռը և պահանջում է անհապաղ ու անվերապահ ազատ արձակել ինչպես նրանց, այնպես էլ բոլոր քաղբանտարկյալներին և ապօրինի ձերբակալված անձանց՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից»։
Բանաձևի համաձայն՝ Եվրախորհրդարանը «կոչ է անում Վրաստանի ինքնահռչակ իշխանություններին լիարժեքորեն պահպանել արդար դատաքննության միջազգային չափանիշները, ապահովել Բուրչուլաձեի պատշաճ բժշկական և իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը, ինչպես նաև երաշխավորել նրա կանոնավոր կապը ընտանիքի հետ։ Բացի այդ, պահանջվում է լիարժեքորեն ապահովել Բուրչուլաձեի հետ անարգել հյուպատոսական կապի իրավունքը»։
Եվրախորհրդարանը «Վրաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել մշակույթի գործիչների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումն ու դատական ճնշումները, ինչպես նաև ապահովել խոսքի, հավաքների և միավորումների լիակատար ազատությունը»։
Բացի այդ, եվրապատգամավորները «պահանջում են անկախ հետաքննություն անցկացնել ցուցարարների նկատմամբ ուժի չափազանցված կիրառման, ահաբեկման և ոչ պատշաճ վերաբերմունքի մեղադրանքների առնչությամբ, ինչպես նաև մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել»։
Այս բանաձևում Եվրախորհրդարանը նաև «վերահաստատում է իր անսասան աջակցությունը վրաց ժողովրդին և նրա ժողովրդավարական ձգտումներին՝ ընդգծելով, որ օրենքի գերակայությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և հիմնարար իրավունքների պահպանումը պարտադիր պայմաններ են Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին ցանկացած առաջընթացի համար»։
Եվրախորհրդարանի պատգամավորներն ափսոսանք են հայտնել «ԵՄ անդամ որոշ պետությունների անգործության կապակցությամբ, որոնք չեն կարողացել պատասխանատվության ենթարկել Վրաստանում ժողովրդավարական գործընթացների հետընթացի համար պատասխանատու անձանց»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի