Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե Ադրբեջանի հետ սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողությամբ ֆիզիկական «տարածքը». Գասպարյան

Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը գրում է.

«Հայկական պետականության շարունակականության ձախողումների շղթան (Կիլիկիայի թագավորության մայրամուտից սկսած) սկսվեց այն ժամանակ, երբ տարատեսակ էլիտաները՝

ձախողեցին կերտել՝ օսմանյան, պարսկական, ռուսական կայսրությունների սահմաններում ապրող հայության էթնիկ հավաքական մտածողություն,

չկենտրոնացրին, մոտիվացիա ու նպատակ չհաղորդեցին հայկական կենսունակ կապիտալին, որն այդ աշխարհաքաղաքական ազդեցիկ եռանկյունու՝ համաշխարհային առևտրի կենսունակ տարածքներում վճռորոշ նշանակություն ուներ,

աչալրջորեն չզբաղվեցին հայության ֆիզիկական ու հոգևոր անվտանգության, քաղաքական կարգավիճակի ու նպատակների, ինքնիշխանության ու ազգային-պետական շահի ձևակերպման հարցում առաջադեմ մտքի համադրմամբ,

նախընտրեցին պետականազուրկ, բայցև մշակութային հանրույթի վախկոտ համբավը (իրականում՝ խարանը), քան քաղաքական հեռանկար, ասելիք ու հանդուգն նախաձեռնողականություն ունեցող ազգի կարգավիճակը,

թշնամու կերպարի դեմոնիզացումը, արտաքին սպառնալիքի ու վախի գործոնը դարձավ մեր ոչ ազգային օրիենտացիայի ու գեոպոլիտիկ կողմնորոշման գաղափարական հենքը:

Կուզեի կանգ առնել վերջինի՛ վրա։ Հայաստանում գործող իշխանությունը չունի ազգային ինքնիշխան որոշումների ընդունման ո՛չ մոտիվացիա, ո՛չ հանձնառություն, ո՛չ ձևավորած ռազմավարություն: Չի զգում դրա անհրաժեշտությունը:

Հայաստանի ամեն թիզ հողի քաղաքական ճակատագրի հարցում համատարած կամ թաքնված անտարբերության արմատներն այստե՛ղ են: Սա՛ է պատճառը, որ իշխանությունը զավթած ՔՊ-ական խունտան հանրային գիտակցության մեջ փորձում է անընդհատ վախ սերմանել, պոռնկաբարո մեթոդով իրեն հավասարեցնել բոլորին, բանտ ուղարկել մտածող տեսակին, հալածել ու պատվազրկել:

Նիկոլիզմը սահմանագծում է ոչ թե ՀՀ-Ադրբեջան սահմանը, այլ հայության ինքնիշխան մտածողությամբ, բնական զարգացման համար անհրաժեշտ մտավոր ու ֆիզիկական «տարածքը»: Վախի մոտիվացիայով ձևավորված արտաքին քաղաքական այս օրակարգը հանգեցնելու է որոշումների ու ինքնիշխան մտածողության սահմանափակման, նույնն է՝ թյուրքական աշխարհի գաղափարաքաղաքական դոկտրինի կենսունակության խթանման և հանձնվելու հող նախապատրաստելուն։

Սահմանադրության «բարեփոխման» քողի տակ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի հայտնի որոշման խափանումը հենց ա՛յս տրամաբանության մեջ էր, որովհետև այդ որոշման իրականացման ռեալ և այդպիսով՝ ազգային պետություն դառնալու բացառիկ պատմական հնարավորությունը մեզ տվեց 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, որը նախընտրեցինք չիրականացնել՝ մտքում ունենալով ոչ թե ՀԱՅԱՍՏԱՆ գաղափարի հավերժականությունն ու հայկական ինքնության իրական բաղադրիչներով պետականակերտումը, սթափ մտածողությունը, ռեալպոլիտիկը, այլ հետսառըպատերազմյան նեոլիբերալ կառուցվածքի արժեքային ու պրոցեդուրալ «գայթակղիչ» հեռանկարը՝ լավ ապրելու միֆը: Նույնն էր երեկ, նույնն է այսօր․․․

Ո՛չ թե օտար գաղութատերերի քանոնով գծած «իրական Հայաստանի» լեգիտիմացման, այլ հավաքական ինքնության զարգացման, քաղաքակրթական առաքելության գիտակցման ու իրականացմա՛ն կռիվ պիտի տանք: Այլապես՝ վախի ու թուլամորթության, հարմարվողականության ու ստեղծագործ հանճարը մսխելու ջանքերը հանգեցնելու են «իրական» Հայաստանի ստեղծմանը․ տարածք, որն անատամ է, անկիրթ, աննպատակ, անհոգի, պատրաստ հերթական ինքնաոչնչացման: Սա՛ պիտի կանխի իրական հայկական էլիտան, որն իր խորությամբ ու մտածողության շերտերով դուրս է մեզ պարտադրվող «իրական» Հայաստանի սահմաններից։

Թշնամու կերպարի միֆականացմամբ մատուցվող մրոտած թուղթը՝ Սահմանադրության իբրև թե բարեփոխած տարբերակը, ոչ այլ ինչ է, քան հայության բնականոն զարգացմանն ու ներուժի իրացմանը խոչընդոտող հակաքաղաքակրթական գծի շարունակություն: Իշխող կուսակցության այս գործելաոճը ոչ այլ ինչ է, քան ազգային իրական ամոթը քողարկելու լյումպենական պատրվակ, որը Հայաստանը սահմանափակում է լոկ 29․743 ք/կմ-ի մեջ: Ցավոք, բայց օբյեկտիվորեն:

Պի՛նդ եղեք»։

 

Leave a comment