Հայաստանն ու ԱՄԷ-ն կառավարությունների փորձի փոխանակման հուշագիր կստորագրեն (PAN.am)

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները 2027 թվականի սկզբին մտադիր են կառավարությունների միջև փորձի փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-ին Երևանում կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ, որը նվիրված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման 55-րդ տարեդարձին, հայտնում է Արմենպրեսը:

«Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իմ այցերի ընթացքում հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն ծանոթանալու երկրի տնտեսական զարգացման տպավորիչ փորձին, ներդրումային միջավայրին և պետական ու մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցության մոդելներին։ Կարևորում ենք նաև Հայաստանի և ԱՄԷ կառավարությունների միջև փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության խորացումը։ Հաջորդ տարվա սկզբին նախատեսվող՝ կառավարությունների փորձի փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նոր ինստիտուցիոնալ հիմք կստեղծի պետական կառավարման արդյունավետության բարձրացման, լավագույն փորձի փոխանակման և կառավարման նորարարական լուծումների ներդրման ուղղությամբ մեր համագործակցության հետագա զարգացման համար»,– ասել է Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն մինչ այժմ ստորագրել են մոտ 30 կարևոր փաստաթուղթ։ Պապոյանն առանձնահատուկ նշանակություն է տվել նաև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության երկկողմ հանձնաժողովի գործունեությանը։

«Մինչ օրս անցկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի երկու նիստ։ Համոզված եմ, որ հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունն ու պարբերական հանդիպումները կարևոր խթան կհանդիսանան համագործակցության նոր ուղղությունների բացահայտման, առկա խոչընդոտների հասցեագրման և կոնկրետ համատեղ նախաձեռնությունների առաջմղման համար»,– նշել է նա։

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ Մուլլան ևս իր ելույթում շեշտադրել է ինստիտուցիոնալ գործընկերության զարգացման և երկկողմ փորձի փոխանակման նշանակությունը։

«Այս ամենի հիմքում մեր երկու երկրներին միավորող առանձնահատուկ պատմական հարաբերություններն են, ինչպես նաև ինստիտուցիոնալ համագործակցությունը, որի առաջնային ուղղություններից են փորձի փոխանակումը, նորարարական լուծումների մշակումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերությունների շրջանակի ընդլայնումը։ Այս աշխատանքը ծառայում է մեր ընդհանուր շահերին, նոր հեռանկարներ է բացում երկու երկրների մասնավոր հատվածի համար և նպաստում մեր երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների բարգավաճմանը»,– ընդգծել է դեսպանը։

Leave a comment