Բրազիլացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ առանց բավարար վերականգնման չափից շատ մարզվելը կարող է խանգարել ուղեղի՝ նորմալ հանգստի վիճակին վերադառնալու կարողությանը։
Սան Պաուլոյի համալսարանի Ռիբեյրան Պրետոյի ֆիզիկական դաստիարակության և սպորտի դպրոցի գիտնականները պարզել են, որ երկարատև և ինտենսիվ մարզումների ենթարկված մկների ուղեղի հիպոկամպում (հիշողության և հույզերի հետ առավել սերտորեն կապված հատվածում) մարզումից հետո մինչև 48 ժամ պահպանվել է դոֆամինի բարձր մակարդակ։
Այս բացահայտումը, որը հրապարակվել է Neuroscience գիտական ամսագրում, կարող է բացատրել, թե ինչու են որոշ մարզիկներ մշտապես բախվում անքնության, տագնապի և քրոնիկ հոգնածության խնդիրների։
«Մեր տվյալները հուշում են, որ չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է ազդել ոչ միայն մկանների, այլև ուղեղի քիմիական հավասարակշռության վրա»,— Inc.-ին տված հարցազրույցում նշել է Ռիբեյրան Պրետոյի դպրոցի պրոֆեսոր և հետազոտության համակարգող հեղինակ Ադելինո Սանչես Ռամոս դա Սիլվան։
Ըստ հետազոտության հաղորդագրության՝ Սիլվան և նրա գործընկերները ցանկանում էին հասկանալ, թե ինչպես են դոֆամինի մակարդակի խանգարումներն ազդում ակտիվության և հանգստի հավասարակշռության, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա։
Ինչ է տեղի ունենում ուղեղում գերմարզվածության ժամանակ
Հետազոտության ընթացքում գիտնականները մկների երկու խմբի ենթարկել են տարբեր աստիճանի ֆիզիկական ծանրաբեռնվածության։ Առաջին խումբն անցել է մեկանգամյա ծանր մարզում վազքուղու վրա՝ վազելով մինչև ուժասպառ լինելը։ Երկրորդ խումբն անցել է երկարատև մարզումների ծրագիր, որը նմանակում էր գերմարզվածության համախտանիշին բնորոշ պայմանները. սա տեղի է ունենում, երբ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը գերազանցում է օրգանիզմի վերականգնվելու կարողությունը։
Մարզումների ծրագրերից հետո գիտնականներն ուսումնասիրել են մկների հիպոկամպը և չափել դոֆամինի, սերոտոնինի, ինչպես նաև քիմիական ազդակների արտադրմանն ու կարգավորմանը մասնակցող սպիտակուցների մակարդակները։
Հետազոտողները պարզել են, որ առաջին խմբի մկների մոտ, որոնք միայն մեկ մարզում էին ունեցել, դոֆամինի մակարդակը բարձրացել է մարզումից անմիջապես հետո։ Իսկ երկրորդ խմբում դոֆամինի և քիմիական ազդակները կարգավորող սպիտակուցների բարձր մակարդակը պահպանվել է թեստավորումից հետո ամբողջ 48 ժամվա ընթացքում։
Սիլվան նշել է, որ այս արդյունքները վկայում են այն մասին, որ օրգանիզմը վերականգնման հնարավորությունից ավելի ծանրաբեռնելը կարող է խաթարել ուղեղի կողմից դոֆամինի կարգավորումը։
Կարևոր է նշել, որ այս հետազոտությունն ուղղակիորեն չի չափել քունը, տագնապը կամ առույգության աստիճանը, ինչպես նաև չի սահմանել ուղեղի վերականգնման հստակ ժամանակահատված։
Սիլվայի խոսքով՝ դոֆամինը, որը պատասխանատու է ուղեղում առույգության և արթնության կարգավորման համար, կարող է բացատրել, թե ինչու է չափից շատ մարզվելը խանգարում քնին՝ նույնիսկ այն դեպքում, երբ մարդն իրեն ֆիզիկապես ուժասպառ է զգում։ Քանի որ գերմարզված մկների մոտ դոֆամինի մակարդակը բարձր է եղել նրանց սովորական հանգստի ժամերին, չափազանց շատ մարզումները կարող են բացասաբար անդրադառնալ հանգստի և արթնության ռեժիմի վրա։
«Հատկանշական է, որ մարդկանց՝ մասնավորապես մարզիկների շրջանում նախկինում իրականացված հետազոտություններն արդեն արձանագրել են քնի որակի փոփոխություններ անսովոր ինտենսիվ մարզումների և անբավարար վերականգնման ժամանակահատվածներում,— ասել է Սիլվան։— Մեր բացահայտումները կարող են ուղղորդել ապագա հետազոտությունները՝ հասկանալու այս խանգարումների հիմքում ընկած ուղեղային մեխանիզմները»։
Անբավարար վերականգնման նախազգուշացնող նշանները
Սիլվան ընդգծել է, որ հետազոտության արդյունքները չպետք է որևէ մեկին հետ պահեն մարզվելուց, սակայն դրանք փաստում են, որ վերականգնումն արդյունավետ մարզումների անբաժանելի մասն է։
«Ֆիզիկական վարժությունները բազմաթիվ օգուտներ են բերում առողջությանը,— նշել է նա։— Խնդիրը պարտադիր չէ, որ լինի շատ մարզվելը. խնդիրը շատ մարզվելն է՝ առանց օրգանիզմին վերականգնվելու բավարար ժամանակ տալու»։
Կանոնավոր մարզվող մարդկանց նա խորհուրդ է տալիս ուշադիր լինել այն նշանների նկատմամբ, որոնք հուշում են մարզումների և վերականգնման հավասարակշռության խախտման մասին.
-
Ֆիզիկական ցուցանիշների կայուն անկում կամ կտրուկ կանգ (պլատո)
-
Մշտական հոգնածության զգացում
-
Տրամադրության և քնի խանգարումներ
-
Ախորժակի և քաշի փոփոխություններ
«Կանոնավոր մարզվող մարդիկ կարիք չունեն փոխելու իրենց առօրյան միայն մեր հետազոտության պատճառով,— եզրափակել է Սիլվան։— Ի վերջո, նպատակը պետք է լինի մարզումների և վերականգնման միջև ճիշտ հավասարակշռություն գտնելը, ինչը թույլ կտա օրգանիզմին դրականորեն հարմարվել՝ ավելորդ սթրես կուտակելու փոխարեն»։